Բավ է պառակտվել
11-06-2019 17:29

Մանվել Գրիգորյանը օդիոզ դեմք է ,ու չի բացառվում, որ նրան թույն ներարկեին.պաշտպան

Վերաքննիչ դատարանում այսօր ՝ Նարինե Հովակիմյան նախագահությամբ շարունակվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու պահանջով պաշտպանական կողմի բողոքի քննությունը։
Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը ներկայացրեց հիմնավորումները, որ Գրիգորյանի առողջական վիճակը աստիճանաբար վատթարանում է։ Պաշտպան Լեւոն Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> ԲԿ-ի գրությունն առ այն, որ ամբաստանյալը գտնվում է ծանր առողջական վիճակում, հետևաբար չի կարող մասնակցել նիստին
Ըստ գրության՝ Մանվել Գրիգորյանը 24-ժամյա ռեժիմով գտնվում է արհեստական շնչառության տակ:
Իսկ անցյալ շաբաթ ՄԻԵԴ-ից պաշտպանական կողմը ստացել էր որոշումն այն մասին, որ Մանվել Գրիգորյանը պետք է բուժում ստանա քաղաքացիական հիվանդանոցում։ Պետական մեղադրողները նշեցին, որ կա հիմնավոր կասկած, որ Գրիգորյանը կխոչընդոտի դատաքննությանը։
«Քրեական գործում կա փաստ այն մասին, որ Մանվել Գրիգորյանը զանգել է մերձավորներից մեկին և ասել՝ Սաղ վերցրու քո վրա»։
Պետական մեղադրողը նշեց նաև,որ Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացումը իր գիտակցված ընտրության հետևանքն է, քանի որ հրաժարվել է ստանալ ինսուլից: Պաշտպան Արսեն Մկրտչյանն էլ հիմնավորեց ինչու է իր վստահորդը հրաժարվել դեղորայքից
«Դատապարտյալների հիվանդանոցում, կողքին ոչ ոք չի եղել, որ վստահեցնի՝ դա թույն չէ: Իրենց շուրջ հինգ ժամ չեն թույլատրել այցելել Մանվել Գրիգորյանին, նա էլ այդ ընթացքում հրաժարվել է դեղորայքից: Մանվել Գրիգորյանն <<օդիոզ>> դեմք է, թշնամիներ ունի, և չի բացառում, որ կարող է և նրան թույն ներարկեն>>,-ասաց պաշտան Արսեն Մկրտչյանը: 

Նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը հայտարարեց, որ դատարանը կդիմի ՔԿՀ–ին՝ Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր ստանալու համար։
Մանվել Գրիգորյանի կալանքի դեմ բողոքի քննությունը կշարունակվի հունիսի 17–ին։
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: