Բավ է պառակտվել
09-07-2019 23:23

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է, հիվանդանոցը գրություն էր ուղարկել դատարան ,որ այսօրվա նիստին Մանվել Գրիգորյանը չի մասնակցելու առողջական վիճակից ելնելով:
 Փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր ևս մեկ անգամ միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը, իսկ եթե դատարանը վճռի, որ կալանքի հիմքեր կան, ապա կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավ՝ մինչև 10 մլն դրամի չափով:
Միջնորդությանն առարկեցին մեղադրող դատախազներ: Մասնավորապես Վահե Դովմազյանն ասաց, որ այն ենթակա է մերժման, քանի որ դրանում նոր հիմքեր չկան:
Մեղադրող կողմը հայտարարեց, որ պաշտպանական կողմը ամեն նիստին ամեն անգամ միջնորդություն ներկայացնելով չարաշահում է իր այդ իրավունքը։
Ու մինչ դատարանը գնաց խորհրդարակցական սենյակ այդ ընթացքում Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խափանման միջոցն անհապաղ պետք է փոխվի, քանի որ հիվանդությունների բացասական դինամիկան բերելու է անկանխատեսելի վիճակի:
Ըստ փաստաբանի՝ դրա լավագույն ապացույցն է, որ բժիշկները թույլ չեն տվել, որ Գրիգորյանը մասնակցի դատական պրոցեսին:
Խոսելով արդեն իր հայտարարության մասին, թե Մանվել Գրիգորյանին պետք են դեղամիջոցներ, որոնք չկան այստեղ՝ փաստաբանը մանրամասնեց.
«Հայաստանում կան դեղամիջոցներ, որոնք գրանցված չեն, կա պրակտիկա, երբ դրսի բժիշկները գալիս են, բերում համապատասխան դեղամիջոցներ, տվյալ պացիենտի համաձայնությամբ սկսում են բուժումը»:
Դատարանը վերադարձավ խորհրդակցական սենյակից ու մերժեց փաստաբանի միջնորդությունը, այն է ՝ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ:
Որոշման հրապարակումից հետո պաշտպանը հակադարձեց պետական մեղադրողին`ասելով.որ արդեն որերորդ դեպքն է, երբ դատախազը իրավունք է տալիս գնահատական տալ: Նշենք, որ մեղադրող դատախազն իր խոսքում անդրադարձել էր պաշտպանների միջնորդության այն հատվածին, որում դատարանից խնդրում են` անհապաղ ազատ արձակել: Ըստ մեղադրողի՝ պաշտպանների խնդրանքը «հրամայական տոնով է»:
Պաշտպանը Լեւոն Բաղդասարյանը նաեւ դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բժիշկները երկու խնամող են պահանջել Մանվել Գրիգորյանի համար, մինչդեռ ՔԿՀ-ն մերժել է` նման ընթացակարգ չլինելու պատճառով:
Հիշեցենք,որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

 

Արմինե Գևորգյան