Բավ է պառակտվել
15-01-2020 21:33

Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել կալանքից

Ընդհանուր իրավասության դատարանի արտահերթ նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է Գլխավոր դատախազության՝ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Նախօրեին Գրիգորյանը շտապ հոսպիտալացվել է առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով։ Նախկին պատգամավորի պաշտպանական խումբը բազմիցս հաղորդել էր Գրիգորյանի առողջական ծանր վիճակի մասին և այդ հիմնավորմամբ միջնորդություններ ներկայացրել նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, որոնք մերժվել էին։

2018թ․ հունիսի 19-ին Հայաստանի խորհրդարանը համաձայնություն է տվել դատախազության՝ Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու միջնորդությանը, իսկ պատգամավորները կողմ են քվեարկել նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա դեմ քրեական հետապնդում հարուցելու նախաձեռնությանը։

Նույն օրը Հայաստանի գլխավոր դատախազությունը գեներալին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է։ Ըստ գերատեսչության տեղեկատվության, հետաքննության ստացված փաստերը բավարար հիմքեր են տալիս մեղադրանք ներկայացնել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար), և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար):

Դեկտեմբերի 20-ին առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել Մանվել Գրիգորյանին ազատ արձակել կալանքից 25 միլիոն դրամ գրավի դիմաց։ Դատարանի որոշումը հարուցել է Էջմիածնի բնակիչների դժգոհությունը, ովքեր կազմակերպել են մի շարք բողոքի ակցիաներ՝ ընդհուպ մինչև Երևան տանող մայրուղու արգելափակումը։ Դեկտեմբերի 24-ին Հայաստանի դատախազությունը Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Հունվարի 22-ին Գրիգորյանը կրկին ձերբակալվել է: