Բավ է պառակտվել
04-06-2019 20:34

Մանվել Գրիգորյանը անօրինական կարգով է պահվում Դատապարտյալների հիվանդանոցում։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր ընթացավ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը:
ԱԺ նախկին պատգամավոր, մեղադրյալ Մանվել Գրիգորյանն այսօրվա դատական նիստին չի ներկայացել: Պաշտպանները բանավոր կարգով դատարանին տեղեկացրեցին, որ Մանվել Գրիգորյանը դատական նիստին չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով: Դատարանի նախաձեռնությամբ դատական նիստն ընդմիջվեց մեկ ժամով Արդեն ընդմիջումից հետո դատավորը հայտարարեց, որ դատը հետաձգվում է,քանի որ առաողջական վիճակով պայմանավորված Մանվել Գրիգորյանը չի կարող ներկայանալ դատարան: Իսկ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին փաստաբան Լևոն Բաղդասարյանը արդեն նիստից հետ և հրավիրված ասուլիսում ասաց ,որ վերջինս անօրինական կարգով է պահվում Դատապարտյալների հիվանդանոցում։

<<Մանվել Գրիգորյանն ինտենսիվ բուժում էր ստանում Հայաստանի լավագույն բժշկական կենտրոններից մեկում, սակայն չգիտես ինչու, Քրեակատարողական հիմնարկը որոշեց, որ իր մոտ ևս կան բոլոր հարմարությունները, և Գրիգորյանը կարող է բուժումը շարունակել Դատապարտյալների հիվանդանոցում>>,-ասաց փաստաբանը:
Նշենք, որ երեկ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ դատապարտյալների հիվանդանոց:
«Երբ անձն իր հարազատների միջոցների հաշվին ցանկանում է բուժում ստանալ, պետությունն ուղղակի պարտականություն ունի դա թույլատրելու։ Երեկ անձը ստանում էր հերթական բուժումը, երբ քրեակատարողական հիմնարկի կողմից գալիս են և նրան տեղափոխում », – երեկվա իրադարձությունները ներկայացրեց փաստաբանը։
Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը գիշերը 4-5 ժամ ցանկացել է տեսակցել պաշտպանյալին, բայց չի հաջողել։

« Այսօր Մանվել Գրիգորյանը անօրինական կարգով է պահվում Դատապարտյալների հիվանդանոցում։ Սա ուղղակի տոտալ խոշտանգման տիպիկ օրինակ է, Մանվել Գրիգրյանի կյանքին վտանգ է սպառնում։ Պետք է սպասենք, որպեսզի անձը մահանա՞, որ հետո փորձենք մեղավորներ ման գալ», – նշեց պաշտպանը՝ ավելացնելով, որ քրեական գործը «կարվել է» Մանվել Գրիգորյանի վրա։
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: Ըստ մեղադրանքի` Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր: 

Գրիգորյանը կալանքի տակ է հունվարից, իսկ 52-ամյա Ամիրյանի խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։

 

Արմինե Գևորգյան