Բավ է պառակտվել
23-07-2019 13:40

Մանվել Գրիգորյանին դատարան չէին բերել,վիճակը կրկին վատ է

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով այսօրվա նիստին Մանվել Գրիգորյանը չի ներկայացել: Նրան դատարան չէին բերել առողջական խնդիրների պատճառով:

Երեւան քաղաքի ընդանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ «Նաիրի» ԲԿ-ից նույնաբովանդակ փաստաթուղթ է ներկայացվել դատարանին. «Առողջական վիճակի պատճառով Գրիգորյանը դատական նիստին մասնակցել չի կարող»:
Նշենք, որ հունիսից մինչ այժմ Գրիգորյանը բուժում է ստանում Նաիրի ԲԿ-ում:

Այսօր դատարան էր ներկայացել պաշտպանական կողմից հրավիրված փորձագետ Լուսինե Մամիկոնյանը: Նա պետք է ներգրավվի Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննությանը: Դատարանը պարզաբանեց նրա իրավունքներն ու պարտականությունները, ապա նախազգուշացվեց սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալու համար:
Հարցին, թե բացարկ ունե՞ք փորձագետին, մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն ասաց՝ որպեսզի դիրքորոշում հայտնեն՝ իրենց անհրաժեշտ է ծանոթանալ փորձագետի աշխատանքային փորձին վերաբերող փաստաթղթերին: Թեեւ փորձագետը դատարանում ասաց, որ ինքը 18 տարվա աշխատանքային ստաժ ունի, սակայն դատախազը բանավոր հայտարարությունը որպես ապացույց չի համարում:
Փաստող փաստաթղթեր, ներկայացնելու համար դատարանը ընդմիջում հայտարարեց:

Նշենք, որ Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու որոշումը կայացվել է հուլիսի 2-ի դատական նիստի ընթացքում: Այս փորձաքննության նշանակումից հետո Մանվել Գրիգորյանը դատարան չի բերվում, ըստ բժշկական տեղեկանքի՝ պատճառը Գրիգորյանի առողջական վիճակն է:

Փորձագիտական հանձնաժողովին առաջադրվել են մի շարք հարցեր, օրինակ՝ ի՞նչ հիվանդություններ ունի Մանվել Գրիգորյանը, հաշվի առնելով նրա հիվանդությունները՝ դրանց պատշաճ հսկողությունը հնարավո՞ր է իրականացնել քրեակատարողական հիմնարկում պահվելու ընթացքում, թե՞ ոչ:

 

Արմինե Գևորգյան