Բավ է պառակտվել
11-04-2020 16:35

Զանգվածային միջոցառումներ չեն լինի ոչ ապրիլի 24-ին, ոչ մայիսի 9-ին

Զանգվածային միջոցառումներ չեն լինի ոչ ապրիլի 24-ին, ոչ մայիսի 9-ին կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով։ Այս մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի, նշել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ այդ որոշումն ունի հստակ պատճառներ. փորձը ցույց է տալիս, որ հանրային տրանսպորտը վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի:
Մյուս կողմից՝ այն ոլորտներում, որտեղ աշխատում են, տրանսպորտային ծախսերը պետք է հոգան գործատուները: Աշխատող անձանց տեղաշարժը կրկին թերթիկներով կլինի:
«Կարևոր է արձանագրել, թե ինչ նկատի ունենք՝ «հետագա տարածումը կանխարգելել» ասելով: Համաճարակը այսպես թե այնպես շարունակում է տարածվել,. մեր խնդիրն է՝ ունենալ միավոր ժամանակաշրջանում հիվանդացության հնարավորինս քիչ դեպքեր: Կարևոր է, որ հնարավորինս մեր տնտեսական կյանքը կարողանանք պահպանել, այդ պատճառով որոշել ենք, որ արտակարգ դրության երկարացման պայմաններում կամ՝ երկուշաբթի օրվանից մի շարք գործունեության տեսակներ կլինեն ամբողջությամբ թույլատրված, որոշակի ծրագրով կմոտենանք նաև այլ գործունեության տեսակներ թույլատրելու հնարավորություններին»,- ասաց նա:
Վարչապետը նշեց,որ երկուշաբթի օրվանից ամբողջությամբ թույլատրելի կլինեն գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն, հանքարդյունաբերություն, բաց հանքերի շահագործում, էլեկտրականություն, գազ, գոլորշի, լավորակ օդ ոլորտի գործունեությունը, ջրամատակարարում, թափոնների կառավարում և վերամշակում, կոյուղի, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, պետական կառավարման պաշտպանություն և պարտադիր սոցիալական ապահովության ոլորտ, առողջապահության և բնաչության սոցիալական սպասարկում ոլորտը և օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը։
Իսկ ամսի 13-ից ամբողջությամբ կթույլատրվի բացօթյա շինարարական գործունեությունը, ծխախոտային տեսակների արտադրությունը:
Ապրիլի 20-ից կբացեն հագուստի արտադրությունը, տեքստիլ ոլորտը, տնտեսական խանութների գործունեությունը թույլ կտան:
«Ամենառիսկային խումբը մեզ համար հագուստի արտադրություն, տեքստիլ ոլորտն է, այսօրվա մեծ թվերը, որ 1000-ին մոտ հիվանդ ունենք, դրանց հիմնական տանող ուժը եղել է տեքստիլ ոլորտը, բայց հասկանում ենք, որ մարդիկ պետք է աշխատեն»,- նշեց վարչապետը:

 

 

Արմինե Գևորգյան