Բավ է պառակտվել
28-11-2019 15:27

Սևազգեստ մայրերը կրկին կառավարության դիմաց էին եկել

Զոհված զինծառայողների մայրերը երեկ կառավարությունից ստացել են բացասական պատասխան՝ իրենց միանվագ 30 մլն դրամ տրամադրելու պահանջի վերաբերյալ.
«Մտածել ենք, որ մեր կառավարությունը հարգալից կվերաբերվեր զոհված ազատամարտիկների ընտանիքներին, բայց երեկ ստացանաք բացասական պատասխան», - ասաց կանանցից մեկը:
Հիշեցենք,որ կառավարության դիմաց բողոքի ակցիա սկսեցին իրականացնել այն բանից հետո երբ կառավարությունը «Մարտի 1-ի» զոհերին հարազատներին ու տուժածներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին որոշում էր կայացրել, յուրաքանչյուր ընտանիքին տրամադրելով 30 մլն դրամ։
Ակցիայի մասնակիցների խոսքով վարչապետը խուսափել է իրենց հարցին պատասխանել, այլ նրանց ընդունել է աշխատակազմի ղեկավարը՝ Էդուարդ Աղաջանյանը, ասելով ,որ 2020 թվականին հոգաբարձուների խորհուրդը կորոշի զոհված զինծառայողներին հարազատներին ֆինանսական աջակցություն տալու հարցը:
«Էս երկիրն ու կառավարությունն անտեսում է մեր սահմանը պահող զինվորին, մեր ապագան պահող զինվորին: Մեր տղերքին կորցնելուց հետո մենք անտեսված ենք: Ես նույնիսկ գնացի այն քայլին, որ մեզ, գոնե տան կերակրողին կորցրածի կենսաթոշակ, բայց նույնիսկ այս պահանջս չբավարարվեց: Գումարներ տրամադրելիս՝ առաջնահերթությունը պետք է տրվեր Արցախյան շարժման ժամանակ խաղաղ պայմաններում զոհվածների ընտանիքներին, ոչ թե Օպերայից մինչև քաղաքապետարան խանութ թալանածներին»,–ասաց Մարգարիտա Խաչատրյանը։
Զոհված ազատամարտիկների հարազատներից տիկին Սաթենիկն էլ նշեց,որ հարցը գումարի չափը չէ, այլ զոհված ընտանիքին արժևորելու հարցն է:
«Էս արհամարանքին պետք է արժանանա՞ն զոհվածների ընտանիքները, ի՞նչ հեղափոխություն է բա, եթե նախկինները չեն արել, իրենք էլ չեն անելո՞ւ»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու է առաջնահերթությունը տրվել «Մարտի 1-ի» զոհերին ընտանիքներին ու վիրավորներին, տիկին Սաթենիկն ասաց.« Մեղքի զգացում է, այլ պատճառ չկա»:

 

Արմինե Գևորգյան