Բավ է պառակտվել
11-09-2018 10:52

Հայաստանի ԱԻՆ-ին հասանելի կդառնան բջջային կապից օգտվող բաժանորդների գտնվելու վայրը և անձնական տվյալները

Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի օրվա նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է “Էլեկտրոնային հաղորդակցության մասին” օրենքում լրացումները, որոնք նախատեսում են պարտավորեցնել բջջային օպերատորներին փրկարար ծառայություններին տեղեկացնել բաժանորդի գտնվելու վայրը։
Ինչպես նշել է փոփոխությունները ներկայացնող Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, փոփոխությունների համաձայն՝ այնպիսի ծառայություններին, ինչպիսիք են 911, (112), 102 103 (Փրկարար ծառայություն, Ոստիկանություն, Շտապ օգնություն) հնարավորություն կընձեռվի տեղեկություններ ստանալ զանգահարողի գտնվելու մասին։
“Շատ հաճախ այդ ծառայությունները կանգնում են այնպիսի խնդրի առաջ, երբ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով զանգահարողը չի կարողանում տեղեկացնել իր գտնվելու ոչ միայն ստույգ, այլ նաև մոտավոր հասցեն, որի արդյունքում օգնությունը հաճախ ուշանում է, և լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու պահանջ է առաջանում”,- ասել է Արշակյանը։
Ինչպես պարզաբանել է փոխնախարարը, համապատասխան ծառայությունները պետք է հնարավորություն ունենան որոշել անձի գտնվելու վայրը՝ համապատասխան օգնություն ցուցաբերոլու համար։ Միաժամանակ նա ընդգծել է, որ այսպիսով չի խախտվում բաժանորդի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը։
Նրա խոսքերով, փոփոխություններով նախատեսվում է, որ բջջային օպերատորը նման դեպքերում կարողանա տեղեկություն տրամադրել բաժանորդի գտնվելու վայրի և անձնական տվյալների մասին, միաժամանակ ապահովելով մնացած տվյալների և կատարված զանգերի գաղտնիությունը։
Նա նշել է նաև, որ 2011թ-ին Փրկարար ծառայության ստեղծումից ի վեր այն արդեն ավելի քան 6 մլն․ զանգ է ստացել և մշակել։