Բավ է պառակտվել
01-02-2021 11:16

Մեդվեդևը գնահատել է Ռուսաստանն ինտերնետից անջատելու և Runet-ի ինքնավար գործունեությունն ապահովելու հնարավորությունը

Ռուսաստանն ունի ինտերնետի ռուսական հատվածի ինքնավար գործունեությունն ապահովելու տեխնիկական հնարավորություններ, բայց ոչ ոք չի ցանկանում հասցնել նման ծայրահեղությունների: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

«Տեխնոլոգիապես ամեն ինչ պատրաստ է սրա համար: Օրենսդրական մակարդակում նույնպես բոլոր որոշումներն ընդունվել են: Բայց մեկ անգամ ևս շեշտում եմ. դա հեշտ չէ, և իսկապես ցանկալի չէ», - ասել է նա:

Մեդվեդևը խոստովանել է, որ ինտերնետի ռուսական հատվածի մեկուսացումը պարզապես պահուստային տարբերակ է ծայրահեղ դեպքում, եթե Ռուսաստանն անջատեն համաշխարհային ցանցից:

«Իհարկե, մենք ունենք ծրագիր, թե ինչպես վարվել նման իրավիճակում: Ինտերնետն, ինչպես գիտեք, ստեղծվել է որոշակի ժամանակ, և, անկասկած, կառավարման հիմնական իրավունքները [գտնվում են] Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այնպես որ, հնարավոր է, եթե ինչ-որ արտառոց բան պատահի, եթե ինչ-որ մեկը խելքը վերջնականապես չկորցնի, դա կարող է պատահել: Հենց այն պատճառով, որ այս արկղիկի բանալին դրսում է», - ասաց նա:

Քաղաքական գործիչը հիշեցրել է տեղեկատվությունը փոխանցելու և SWIFT վճարումներ կատարելու միջազգային միջբանկային համակարգից Ռուսաստանն անջատելու մասին անվերջ խոսակցությունները:

«Անընդհատ վախեցնում են մեզ սրանով: Մենք նույնիսկ ստիպված էինք ստեղծել տեղեկատվության փոխանցման մեր համակարգը, եթե հանկարծ դա պատահի, որպեսզի կարողանանք էլեկտրոնային հաղորդագրություններ փոխանակել: Նույնը կարող է պատահել ինտերնետի հետ, և այդ ժամանակ մենք այլևս հասանելիություն չենք ունենա այս ցանցի հիմնական հանգույցներին», - ասել է Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը:

Առանց վերահսկողության չթողնելու համար

Մեդվեդևը բացատրել է, որ նտերնետի ռուսական հատվածի մասին օրենքն ընդունվել է այնպես, որ այն հնարավոր լինի ինքնավար կառավարել, «քանի որ ամբողջ պետության կառավարմումը, հսկայական քանակությամբ սոցիալական գործառույթների հասանելիությունն այժմ իրականացվում է համացանցի միջոցով»։

«Մենք չէինք կարող դա թողնել առանց վերահսկողության: Այդ պատճառով կա այդպիսի օրենք, և, եթե պահանջվի՝ այն ուժի մեջ կմտնի», - վստահեցրել է նա:
Այնուամենայնիվ, Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը կոչ է արել իրատես լինել և հասկանալ, որ Ռունեթի առանձնացումը մեծ խնդիրներ կստեղծի:

«Այն վերակարգավորելու համար որոշ ժամանակ կպահանջվի: Բայց սկզբունքորեն ցանցի ռուսական հատվածի ինքնավարությունը կարող է վերականգնվել կամ ստեղծվել», - ասել է Մեդվեդևը:

Քաղաքական գործիչը շեշտել է, որ իրավիճակի ծայրահեղ զարգացման նշաններ չի տեսնում:

«Հասկանալի պատճառներով սա երկսայր զենք է: Նախ, սա կարող է հանգեցնել որոշակի գործողությունների մեր կողմից: Երկրորդ, մեր ընկերները՝ և՛ իրական, և՛ չակերտավոր, այնուամենայնիվ ակտիվորեն օգտագործում են ինտերնետը, այդ թվում նաև սեփական դիրքորոշումը տեղ հասցնելու համար: Դա նշանակում է պարզապես հրաժարվել այս դիրքորոշումը տարածելուց: Մեզ մոտ գործում են բոլոր սոցիալական ցանցերը, մենք նոր խոսեցինք այս մասին, ոչ մեկին չենք արգելափակել և չենք դանդաղեցրել», - պարզաբանել է նա:

Մեդվեդևը նշել է Չինաստանի փորձը, որտեղ աշխարհի սոցիալական ցանցերը փոխարինվել են չինականով, որը նույնպես ունի հսկայական թվով օգտատերեր:

«Եվ նրանք շատ թեթև են դրան վերաբերվում, շփվում են իրենց սոցիալական ցանցերում: Չինաստան ժամանելիս տեսնում ես, որ սեփական սոցիալական ցանցերն աշխատում են։ Ինչո՞ւ։ Որովհետև հեռախոսի քարտը ռուսական է, իսկ երբ, օրինակ՝ միացնում ես հյուրանոցի ինտերնետը, Wi-Fi- ը՝ չեն աշխատում: Քանի որ այդ ամենը արգելափակված է, դա firewall է», - եզրափակել է նա: