Բավ է պառակտվել
11-06-2021 12:56

Ալավերդու քաղաքապետը մահվան ելքով վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու (տեսանյութ)

Նախորդ գիշեր ողբերգական ավտվթար է տեղի ունեցել Հայաստանի Լոռու մարզում։

Հայաստանի Քննչական կոմիտեի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին, ժամը 21:50-ի սահմաններում, Ալավերդու քաղաքապետը, վարելով իր անվամբ հաշվառված «Opel Frintera 2.2 D» մակնիշի ավտոմեքենան, Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհի 1-ին կմ-ում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի 51-ամյա բնակչին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը և պարզվել, որ նա գտնվում է սթափ վիճակում:

Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: