Բավ է պառակտվել
18-07-2016 12:02

Իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու միջոցները կարող են բավարար չլինել. ԱԱԾ

ՀՀ իրավապահ մարմինները ձեռնարկում են հնարավոր և հասանելի բոլոր միջոցները իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար, սակայն ստեղծված պայմաններում դա կարող է բավարար չլինել:

Հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։

 ԱԱԾ-ն  հայտարարություն է տարածել, որի մեջ ասվում է.

«Այդուհանդերձ, զինված խումբը հրաժարվում է ազատ արձակել բռնությամբ պահվող այլ անձանց, այդ թվում՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, վայր դնել զենքերը եւ հանձնվել իշխանություններին:

Կատարված հարձակման հետեւանքով ապօրինի ազատազրկված անձանց կյանքը եւ առողջությունը շարունակում է վտանգված մնալ: Արդեն իսկ մի քանի հանցանք կատարած եւ իրենց տրամադրության տակ մեծ քանակի զենք ու ռազմամթերք ունեցող ահաբեկիչներն ակնհայտ եւ անմիջական վտանգ են ներկայացնում ոչ միայն պատանդների, այլեւ հանրության համար:

ՀՀ իրավապահ մարմինները ձեռնարկում են հնարավոր եւ հասանելի բոլոր միջոցները իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար, սակայն ստեղծված պայմաններում դա կարող է բավարար չլինել:

Ուստի մեկ անգամ եւս հորդորում ենք զինված խմբի անդամներին ձեռնպահ մնալ նոր զոհերի եւ այլ ծանր հետեւանքների հանգեցնող հանցավոր գործողություններից եւ դադարեցնել զինված դիմադրությունը: Դրա համար դեռ կա ժամանակ եւ հնարավորություն»: