Բավ է պառակտվել
11-02-2019 14:22

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է Օպերայի կից տարածքի կանաչապատման բաց մրցույթ

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից տարածքի կանաչապատման և ձևավորման բաց մրցույթ։ Նման հանձնարարություն է տվել քաղաքապետ Հայկ Մարությանը երկուշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ։

Նրա խոսքերով, այդ գործընթացին մասնակից կլինեն նաև բնակիչները։

“Արդեն այս տարի Օպերայի հարակից տարածքում սրճարանների փոխարեն նոր պուրակ կկառուցվի։ Կվերստեղծվի շուրջ 1 հեկտար կանաչ տարածք՝ նոր լուծումներով, թանկարժեք ծառատեսակներով”,- նշել է Մարությանը:

Ավելի վաղ քաղաքապետարանը հայտարարել էր Ա․ Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային թատրոնի անմիջական հարևանությամբ տեղակայված բոլոր սրճարանները և ռեստորանները վերացնելու մտադրության մասին՝ այնտեղ “կանաչ գոտին” վերստեղծելու նպատակով։

Մասնավորապես, Օպերային թատրոնի հարևանությամբ՝ Ազատության հրապարակին հարող հատվածում հողակտորներ վարձակալած տնտեսավարողները ծանուցումներ են ստացել քաղաքապետարանի համապատասխան դեպարտամենտից։