Բավ է պառակտվել
15-09-2020 15:09

Առանց կրթության էլ G կարգի Mersedes կամ «Յաշիկ» կարող ես ունենալ․ՀՀ վարչապետը առաջին դասարանցիներին

21–րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ։ Այս կերպ սկսեց իր խոսքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ մասնակցում էր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը։ Ասաց, որ շատ երկար է մտածել թե ինչպես պետք է ողջունի երեխաներին։
«Այսօր առավոտից մտածում եմ, թե ինչ ասեմ այս ամբիոնից, որն իսկապես իմաստալից լինի և օգնի ձեզ ձեր ամենօրյա կյանքում: Եվ ես մտածեցի մի այսպիսի նախադասություն, որ 21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ։

Մեր երեխաներն այսօր քննադատաբար են վերաբերվում ամեն ինչին, և ով քննադատաբար է մտածում, կարող է մտածել, որ կարող է առանց կրթության էլ G կարգի Mersedes կամ «Յաշիկ» ունենալ,–ասաց Փաշինյանը։
Նա հավելեց` այո՛, առանց կրթության գուցե հնարավոր է ինչ–որ չափի նյութական բարիք ստեղծել, G կարգի մերսեդես ունենալ, բայց հնարավոր չէ այն ստեղծել։ Մենք ուզում ենք լինել սպառո՞ղ, թե՝ ստեղծող:
«Մենք ի՞նչ ենք ուզում, ինչպիսի՞ ապագա ենք ուզում տեսնել ձեզ համար. որ դուք առավոտյան արթնանաք, մոտենաք ձեր խոհանոցին, բացեք ձեր սառնարանը և այնտեղ տեսնեք տարատեսակ սննդամթերք, ուտելիքներ՝ երշիկներ, պանիրներ, մուրաբաներ, թե՞ մենք ուզում ենք, որ դուք առավոտյան արթնանաք, ունենաք շատ քաղաքակիրթ, առողջ նախաճաշ և շատ արագ գնաք զբաղվելու տիեզերքը նվաճելու ձեր ամենօրյա գործով: 
Փաշինյանը նշեց, որ այն, թե ինչպես են երեխաներն անցկացնում դպրոցի հարկի տակ անցկացրած յուրաքանչյուր րոպեն, ցույց է տալիս, թե ինչպիսին է լինելու նրանց ապագան։  «Մեր գերագույն նպատակն է, որ Հայաստանում կրթությունը լինի ազգային նպատակ։ Ես ուզում եմ որ դուք պատրաստ լինեք վաղվա պատասխանատվությանը, որն անխուսափելիորեն ծանրանալու է ձեր ուսերին։ Ես ուզում եմ, որ դուք ունենաք ուժեղ լինեք։ Ձեր և մեր ճակատագիրը դասավորվեց այնպես, որ արդեն պատասխանատվություն ունեք։ Դիմակ դնելով դուք այսօրվանից կարող եք պատասխանատու լինել ձեր տատիկների, պապիկների, ծնողների ու ընկերների նկատմամբ»,–նշեց վարչապետը։ 
Փաշինյանն ասաց, որ դիմակը մի շատ վատ հատկություն ունի. ծածկում է ժպիտը, բայց ինքը վերջերս նկատել է, որ աչքերն ավելի ուժեղ են արտահայտում ժպիտը։ 
Նշենք, որ վերակառուցված դպրոցում սովորում է շուրջ 700 աշակերտ, սակայն պայմանները թույլ են տալիս, որ այն ընդունի մինչեւ 950 երեխայի։
Վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմել է 1,3 մլրդ դրամ։
Նոր, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել դասասենյակներում, մարզադահլիճում ու հանդիսությունների դահլիճում, գրադարանում: Եռահարկ դպրոցն այսօր հարմարեցված է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար. կառուցվել են թեքահարթակներ, տեղադրվել է վերելակ, հարմարեցվել են նաև պետքարանները։
Հիմնանորոգման աշխատանքների ընթացքում տանիքին տեղադրվել է արևային էներգիայի համակարգ, որն ապահովելու է դպրոցի տաք ջուրը: Դպրոցի բակում էլ կառուցվել է նոր խաղադաշտ: Դպրոցն իրականացնում է 9-ամյա կրթություն: