Բավ է պառակտվել
14-06-2021 22:45

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել հինգ հոդվածով

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի հինգ հոդվածով։

Քննչական կոմիտեի մամլո ծառայությունը հայտնում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրության, ընդերքօգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածներով:

Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը: Նրան պատկանող անշարժ գույքի վրա դրվել է կալանք` պետությանը պատճառված վնասի չափով։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ա․ Առուշանյանը 2017թ. նոյեմբերից զբաղեցնելով Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնը, շահադիտական մղումներից և անձնական շահերից ելնելով, իր պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: նա փաստացի իրեն պատկանող ՍՊԸ-ի անունից, առանց ընդերքի օգտագործման պայմանագրի, առանց հատուկ թույլտվության կազմակերպել և ղեկավարել է լիցենզավորման ենթակա բիզնես գործունեություն ՝ դրանով իսկ զգալի վնաս հասցնելով համայնքի և հասարակության օրինական շահերին, շրջակա միջավայրին և ընդերքին:

Այսպես․ համայնքապետը, նպատակ ունենալով Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում զբաղվել հանքարդյունաբերությամբ և հանքանյութի վերամշակմամբ, Վերիշեն համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,555 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ նախ գրանցել է Գորիս համայնքի սեփականության իրավունքը, ապա Գորիսի ավագանու որոշմամբ այն դրել աճուրդի: Աճուրդում հաղթող է ճանաչվել նրա ազգականը, որին, համայնքի ղեկավարի որոշմամբ և կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, օտարվել է նշված հողատարածքը և գրանցվել սեփականության իրավունք։ Այնուհետև, 2019թ․ հունիսին Առուշանյանի նույն ազգականի անվամբ հիմնադրվել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որը նա ղեկավարել է և կառավարել։

ՍՊԸ-ն Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում՝ համայնքին պատկանող ընդհանուր 12,425մ2 մակերեսով արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում, 0,555մ2, ազգականի անվամբ գրանցված ևս երկու՝ ընդհանուր 9146մ2 մակերեսով հողատարածքներում, ինչպես նաև մի շարք քաղաքացիների՝ սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 9309,8մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում, վերոնշյալ ՍՊ ընկերության միջոցով, առանց լիազոր մարմնի հետ ընդերքօգտագործման պայմանագրի կնքման, ընդերքօգտագործման իրավունքի, լեռնահատկացման ակտի, ջրօգտագործման, թույլատրելի սահմանային արտահոսքերի, սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվությունների, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության դրական եզրակացության, հողերի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի ձեռք բերման և դրանց նպատակային նշանակության փոփոխության, «Ընդերքի մասին», «Ջրային օրենսգրքի», «Հողային օրենսգրքի», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքների և ոլորտը կարգավորող այլ նորմատիվ պահանջների խախտմամբ, 2020թ. երկրորդ եռամսյակից մինչև 2021թ. մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում, վերը նշված հողատարածքներում ապօրինաբար իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն և առանց պայմանագրի ընդերքի օգտագործում, այն է՝ ընդհանուր 25939,1մ3 ծավալի ավազակոպճային զանգվածի արդյունահանում, ջարդման և մանրացման կայանի միջոցով վերամշակում և իրացում՝ համայնքին, շրջակա միջավայրին և ընդերքում պարփակված օգտակար հանածոներին պատճառելով ընդհանուր 699,737 ՀՀ դրամի էական, անձանց՝ 774,198 ՀՀ դրամի, պետությանը՝ ընդհանուր 28,218,821 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափի վնաս:

Բացի այդ, Ա.Առուշանյանն իր ընտանիքին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերությունում 2020թ. հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված շուրջ 33,000,000 ՀՀ դրամ պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով 2020թ. փետրվարին ընկերության պահեստ է կանչել ՍՊ ընկերության աշխատակցին և վերջինիս հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց՝ աշխատակցից պահանջել է իրեն տրամադրել նրան պատկանող «Նիսսան պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն: Իր մտադրությունն իրականացնելու նպատակով Առուշանյանը աշխատակցից, առանց վերջինիս կամքը հաշվի առնելու, վերցրել է ավտոմեքենայի բանալին, տեխնիկական անձնագիրը, նրա անձնագիրը, ինչպես նաև՝ վերջինիս կնոջ ծնողներին պատկանող՝ Գորիս համայնքում գտնվող բնակարանի վերաբերյալ փաստաթղթերը և գրավադրել նշված բնակարանը: Այնուամենայնիվ, գրավի առարկայի անբավարարության և աշխատակցի կողմից իրավապահ մարմիններին հանցագործության մասին հայտարարություն տալու պատճառով նա չի ավարտել հանցագործությունը` իր կամքից անկախ պատճառներով:

Բացի այդ, 2020 թ.-ի օգոստոսի 28-ին նա և իր ընկերները, խուլիգանական դրդապատճառներից ելնելով, դիտավորյալ կյանքին չսպառնացող վնասվածքներ են հասցրել համայնքի բնակիչներից մեկին․ գլխի փակ վնասվածք ուղեղի ցնցումով, քթի փակ կոտրվածք, ձախ աչքի ցանցաթաղանթի պերիպապիլյար այտուց և սալջարդ, ստորին շրթունքի վնասվածք, կրծքավանդակի աջ կողմի քերծվածքներ:

Մասնավորապես, նշված օրը քաղաքացին իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Գորիս քաղաքի տարբեր փողոցներով, հանդիպել համայնքի ղեկավարի «Մերսեդես-Բենց 500» մակնիշի ավտոմեքենային և հարկադրված շրջանցել վերջինիս, ինչը զայրույթ է առաջացրել Առուշանյանի մոտ, և նա հրահանգել է կանգնեցնել ավտոմեքենան՝ իբրև անկարգ վարելու հետ կապված պարզաբանումներ պահանջելու նպատակով: Առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ համայնքի ղեկավարի երկու ընկերները բռնել են երիտասարդի ձեռքերից, իսկ Ա.Առուշանյանը նախ գլխով հարվածել է նրա քթի հատվածին, ապա՝ ձախ աչքի շրջանին, որից հետո շարունակելով խուլիգանական գործողությունները՝ հայհոյանքներ հնչեցնելուն զուգահեռ հարվածներ է հասցրել նաև նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին։ Այնուհետև Առուշանյանը քաշել-պոկել համարանիշը:

Բացի այդ, Ա.Առուշանյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղադրված կոչի միջոցով, խախտելով օրենքով սահմանված կարգը, մասնավորապես ՝ բնակչության հավաքների ազատության իրավունքը սահմանափակելու պայմաններում ՝ կապված պետության անվտանգության և հասարակական կարգի ապահովման անհրաժեշտության հետ, առանց մարդու հիմնարար իրավունքների և հասարակական շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար լիազոր մարմնին գրավոր ծանուցման, միտումնավոր փորձել է կազմակերպել և անցկացնել հանրահավաք, որի մասին տեղեկատվությունը տարածվել է նաև լրատվամիջոցներում: Ըստ հրապարակումների, համայնքի ղեկավարը Գորիսի բնակչությանը կոչ է արել դեկտեմբերի 21-ին առավոտյան ժամը 6: 00-ին Գ. Տաթևացու հրապարակից մեքենայով գնալ «Սյունիքի դարպաս» կոչվող տարածք և արգելափակել ՀՀ վարչապետի մուտքը Սյունիքի մարզ: Այնուամենայնիվ, նա հանցագործությունը չի ավարտել իրենից անկախ պատճառներով, քանի որ բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 291-րդ հոդվածի 2-րդ մասով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավ: Պետությանը պատճառված վնասի չափով կալանք է դրվել Առուշանյանին պատկանող անշարժ գույքի վրա: Վերջինիս երկու ընկերներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով, իսկ ՍՊ ընկերության վաճառքի գծով տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին Երևանի դատարանը մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը, ով նախորդ օրը կալանավորվել էր հավաքների ապօրինի կազմակերպման մեղադրանքով: Նրա փաստաբան Արմեն Մելքոնյանի խոսքով դատարանը 5 ժամից ավելի քննարկել է հարցը և որոշում կայացրել Առուշանյանի կալանքը ճանաչել անօրինական և անհիմն։ Ավելի վաղ փաստաբանը հայտարարել էր, որ Առուշանյանի կալանավորումն ունի քաղաքական ենթատեքստ, համոզմունք հայտնելով, որ այս որոշումը կայացվել է հենց հավաքի օրը քաղաքապետին մեկուսացնելու նպատակով:

Գորիսի բնակիչների բողոքը

Դեկտեմբերին Սյունիքում բողոքի ցույցեր են անցկացվել. ժողովուրդը վրդովված էր ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներում հայկական դիրքերի ապամոնտաժմամբ և այն դիրքերի սահմանազատման աշխատանքներով, որոնք այժմ սահմանակից են Ադրբեջանի տարածքի հետ:

Դեկտեմբերի 21-ի առավոտից Գորիս բնակիչները փակել էին Երևան-Մեղրի մայրուղու մի քանի հատված, որպեսզի Փաշինյանի ավտոշարասյունը չկարողանա մտնել Գորիս: Նրանք հայտարարում էին, որ իրենց առաջնային խնդիրը անվտանգությունն է: Մի քանի օր առաջ Սյունիքի տարածքում, Որոտան գյուղի մերձակայքում և Կապանի օդանավակայանի մոտակայքում հայտնվել էին մի խումբ ադրբեջանցի զինծառայողներ իրենց դրոշով:

Փաշինյանը մտադիր էր այցելել Սիսիան, Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներ, բայց փակ ճանապարհների պատճառով սահմանափակվեց Սիսիան (չհասած Գորիս) և տեղի գյուղերից մեկի այցելելությամբ, որտեղ զրուցեց տեղի բնակիչների հետ:
Ի՞նչ է կատարվում Սյունիքում

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը ստորագրելուց հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցան ԼՂՀ և հարակից յոթ շրջանների ավելի քան 190 բնակավայր: Արդյունքում, Հայաստանի հարավում Սյունիքի մարզի սահմանները (ներառյալ Կապանի վարչական կենտրոնը) հայտնվեցին Ադրբեջանի նոր սահմանների (Ադրբեջանի ԽՍՀ ժամանակների) անմիջական հարևանությամբ։

Միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին
Հայաստանի Ադրբեջանի հետ սահմանակից մարզերում (Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում) Ադրբեջանի զինուժի որոշ խմբեր մայիսի 12-ից ապօրինի հատել են ՀՀ պետական սահմանը՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ: Հայկական կողմը պահանջում է, որ Ադրբեջանի զինված ուժերը անհապաղ վերադառնան իրենց ելման դիրքերը և զերծ մնան ՀՀ ինքնիշխան տարածքի ոտնձգություններից: ՀՀ վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանը դիմել Ռուսաստանին՝ ռազմական օգնության, իսկ ՀԱՊԿ-ին՝ առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:

Մայիսի 25-ին, Հայաստանի Գեղարքունիքի մարզում, հակառակորդի կողմից Վերին Շորժայի սահմանմերձ շրջանում կրակ բացելուց հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու վիրավորվեց պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Խուրշուդյանը:

Այս տարվա մայիսի 27-ին Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանական կողմը գերեվարեց վեց հայ զինծառայողի։ Հաջորդ օրը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը դիմեց Եվրոպական դատարան պահանջով ապահովել վեց հայ ռազմագերիների կյանքի հիմնարար իրավունքները և խոշտանգումների կանխարգելումը, ինչը նախատեսված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:

Մայիսի 27-ին Փաշինյանն առաջարկեց Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող միջազգային դիտորդներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին, մասնավորապես՝ Սոթք-Խոզնավար հատվածում, ինչպես նաև հայելային եղանակով հեռացնել երկու կողմերի զինված ստորաբաժանումները սահմանից իրենց մշտական տեղակայման վայրեր:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին են միացել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչներն, ինչպես նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։