Բավ է պառակտվել
24-08-2020 15:37

«Արայիկի տեղը աղբամանում է». ակտիվիստները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը (Տեսանյութ)

«Կամք» հասարակական նախաձեռնությունը պահանջում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Այդ նպատակով նախաձեռնությունը ավտոերթ ու բողոքի ակցիա է անցկացնում ԿԳՄՍ  նախարարության դիմաց: Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Արայիկ հեռացիր», «Արայիկի տեղը աղբամանում է», «Ամոթ»:  Ի դեպ, նրանք  նախարարի նկարով աղբաման են բերել։

Ժամանակ առ ժամանակ տեղի էր ունենում քաշքշուկ տարածքը հսկող ոստիկանների հետ: Հայտնվում է 3 բերման ենթարկվածի մասին:
Հիմնական պատճառը, ըստ ակցիայի մասնակիցների, այն է, որ նախարարը «հակահայկական ծրագիր է իրականացնում», և ի թիվս այլ հարցերի իրենք թույլ չեն տալու, որպեսզի Լանզարոտեի կոնվենցիան մտնի հայկական դպրոցներ։

Հիմնական պահանջներն են՝
ա. Անմիջապես աշխատանքից ազատել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին
բ. Անմիջապես ցրել հանրակրթության պետական չափորոշիչների մշակման աշխատանքային խմբերը եւ չեղարկել սեղանին դրված չափորոշիչները:
գ. Ձեւավորել դասագրքեր կազմող նոր աշխատանքային խմբեր` կազմված ՀՀ պրոֆեսորադասախոսական եւ ուսուցչական կազմի լավագույն մասնագետներից` նախապես հրապարակելով նրանց անունները:
դ. Բացառել Լանզարոտեի կոնվենցիայի դրույթների իրագործմամբ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների մուտքը կրթական հաստատություններ:
ե. Վերանայել հանրակրթական հաստատություններում ուսումնական տարին սկսելու` պարետի կողմից սահմանված ուղեցույցով երեխաների ֆիզիկական եւ հոգեւոր առողջությունը վտանգող պահանջները՝ դիմակ կրել, գրատախտակին չմոտենալ, դասամիջոց չանել եւ այլն:
«Կամք» հասարակական նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը հայտարարեց, որ օգոստոսի 28-ին ժամը 13.00-ին իրենց կրկին հավաքվելու են ԿԳՄՍ նախարարության դիմաց:

 

 

Արմինե Գևորգյան