Բավ է պառակտվել
15-03-2023 18:02

«Մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանել մեր երկրի յուրաքանչյուր միլիմետրը». ՀՀ պաշտպանության նախարար

Հայաստանի սահմաններին ադրբեջանական ստորաբաժանումների կուտակում արձանագրված չէ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

«ՀՀ սահմաններին, այս պահին կուտակում արձանագրված չէ, բայց սա չի ենթադրում, որ մենք պետք էէ մեր աչալրջությունը դադարեցնենք կամ պակասեցնենք: Քանի որ խոսվում է պատրաստ լինելու մասին, չստացվի, որ մենք պատրաստվում ենք պատերազմի, մենք մեր խաղաղության օրակարգից չենք շեղվում, բայց դա չի նշանակում, որ մեր երկրի սահմանները կամ տարածքային ամբողջականությունը սակարկելի է»,- ասել է Պապիկյանը:

Նա նաև մեկնաբանել է վարչապետի խոսքերն այն մասին, որ էսկալացիայի հավանականությունը մեծ է։

«Էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել, մենք դրա մասին մշտապես ասել ենք՝ հաշվի առնելով հարևան երկրի ղեկավարի հայտարարությունները, այդ թվում՝ ագրեսիվ հռետորաբանությունը։ Դա մեզ տեղիք է տալիս լինել աչալուրջ եւ պատրաստ լինել մեր երկրի սահմանների պաշտպանությանը»,- ասել է նա։

Պապիկյանը չի պատասխանել, թե արդյո՞ք հայկական զինված ուժերը պատրաստ են հետ մղել ագրեսիան, սակայն ասել է, որ անհրաժեշտության դեպքում երկիրը կդիմի գործընկերներին։

«Հարցնում եք՝ պատրա՞ստ եք դիմակայելու, մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանելու մեր երկրի յուրաքանչյուր միլիմետրը, ավելին չեմ ասի»,- ասել է նախարարը։