Բավ է պառակտվել
02-07-2019 22:08

«Մենք առարկայի հետ գործ չունենք, մարդու հետ գործ ունենք». Մանվել Գրիգորյանի պաշտպան

 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։
Աժ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դատական նիստի բերեցին անվասալյակով, իսկ ողջ դատավարության ընթացքում շնչում էր թթվածնային սարքի օգնությամբ: Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդության ներկայացրեց դատարան՝ 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել իր պաշտպանյալին: Փաստաբանը ներկայացրեց հիվանդությունների մի ամբողջ ցանկ, որոնք առկա են Գրիգորյանի մոտ։ Ասաց, որ նման հիվանդություններով անձին կալանքի տակ պահելը խոշտանգում է, և մեկ տարվա ընթացքում Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է։
Մեկ այլ պաշտպան Արսեն Մկրտչյանն էլ հայտարարեց, որ Գրիգորյանը ազատության մեջ չի կարող խոչընդոտել դատավարության ընթացքին, հիշեցրեց ,որ մի անգամ գտնվելով ազատության մեջ դրսևորել է պատշաճ վարքագիծ:

 
«Նա արդեն մի անգամ գտնվել է ազատության մեջ՝ տևական ժամանակ, չի խոչընդոտել, չի խուսափել, դրսևորել է պատշաճ վարքագիծ: Երբ մեղադրանք են առաջադրել, որ կազմել էր 7 մլն դրամ, դա՝ անհապաղ, դեռ նախաքննությունը չզարգացած, առաջին փուլում վճարվել է: Դեռ չկար մեղադրանքը հարկերը չվճարելու, արդեն իսկ գույք պարտքի դիմաց հատուցելու ցանկությունը հայտնել է, թեկուզ հիմա էլ հայտարարում է, որ առնչություն չունի, բայց նման ցանկություն հայտնել է: Երբ կալանքը քննարկվում էր, վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչը դատախազի հետ ասում էին՝ կարող է խուսափի, խոչընդոտի, դրանք այլևս վերացել են»,- ասաց պաշտպանը:
Սակայն մեղադրող դատախազը մի շարք հակափաստարկներ ներկայացրեց, և ասաց, որ միջնորդությունը ենթակա է մերժման: Մասնավորապես նշեց, որ հնարավոր է, Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է, քանի որ Գրիգորյանը հրաժարվել է դեղամիջոցներ ընդունելուց: Մեկ ժամ հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը վերադարձավ խորհրդակցական սենյակից ու որոշեց մերժել խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը։
«Դատավարության մասնակիցներին պարզաբանում կամ հիշեցնում եմ, որ եթե կալանքի տակ գտնվող ամբաստանյալը տեղափոխվել է դատարան, դա արդեն իսկ վկայում է, որ ի վիճակի է մասնակցել վարույթին։ Ուրիշ բան, որ խնդիրները առողջական առաջանան նիստի ընթացքում», -ասաց դատավորը:
Դատարանը, սակայն, հայտնեց նաև, որ առաջացել է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի գնահատման համար միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքնություն նշանակելու անհրաժեշտություն։ Այս միջնորդությունն էլ ներկայացրեց մեղադրող կողմը: Այս անգամ դատարանը որոշեց բավարարել մեղադրողի միջնորդությունը: Փորձագիտական հանձնաժողովին կառաջադրվեն հետևյալ հարցերը. Ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը: Այդ հիվանդությունները կամ դրանիցի որևէ մեկը տեսակով կամ ծանրության աստիճանով համապատասխանո՞ւմ է արդյոք ՀՀ կառավարության համապատասխան որոշմանը ծանր հիվանդությունների վերաբերյալ: Հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները դրանց պատշաճ հսկողությունը հնարավո՞ր է իրականացնել ՔԿՀ-ում պահելու ընթացքում, թե ոչ: Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը դատարանին հայտնեց, որ  իրենք առաջարկում են, որ նշված հանձնաժողովը քննի հետևյալ հարցերը՝   . Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթացումը կապվա՞ծ է արդյոք նրա անազատության հետ, . Անազատության մեջ մնալով կարո՞ղ է արդյոք էլ ավելի վատթարանալ, . Գնահատել Մանվել Գրիգորյանի առողջության վատթարացման դինամիկան՝ կալանքի տակ գնտվելու օրվանից մինչ փորձաքննության պահը։  
«Մենք առարկայի հետ գործ չունենք, մարդու հետ գործ ունենք, մարդու կյանքի, անձի հետ: Կալանքի ընթացքում տեղի է ունեցել խոշտանգում»,- նշեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Նշենք, որ մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը միջնորդություն ներկայացնելիս նշել էր, որ այս փորձաքննության նշանակումը բխում է հենց ամբաստանյալի շահերից: դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 9 ին:


Արմինե Գևորգյան