Բավ է պառակտվել
08-09-2020 11:59

«Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունը այդ անբովանդակ միջոցառմանը»․ փաստաբան Եգորյան

 

«Մարտի 1-ի» գործը թողնվել է մեկ դատավորի ուսերին, իսկ դատախազությունը չէր դրսևորում բավարար կամք և ջանադրություն՝ քրեական հետապնդումները համակարգված և հետևողականորեն իրականացնելու ուղղությամբ: Այդ մասին այսօր հայտարարել է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչներից փաստաբան Տիգրան Եգորյանը:
Նրա խոսքով, տուժողների իրավահաջորդները սեպտեմբերի 8-ից դադարեցնում են դատական նիստերին իրենց մասնակցությունը: «Դատախազության կողմից բավարար կամք և ջանադրություն չդրսևորելու հետևանքով առանձին դեմքեր հնարավորություն են ստանել խուսափելու քննությունից, կամ նրանց ընծայվել է, այսպես կոչված, հնարավորություն ազատվելու քրեական հետապնդումից», - ասաց նա՝ նկատելով, որ քրեական հետապնդումները համակարգված և հետևողականորեն իրականացնելու ուղղությամբ չեն ընթանում:
«Մարտի 1-ի» գործը մեկ դատավորի ուսերին թողնելը, նար խոսքով, այդ գործի քննությունը ձախողելու նկատմամբ անտարբերության նշան է:
«Այժմ, երբ Մարտի 1-ի հիմնական գործի նախաքննությունը, ըստ էության, դադարեցված է, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության եւ ֆարսի, դատարանի բակում և նիստերի դահլիճում տիրում է կամայականություն, որն ուղղված է Սահմանադրությամբ հռչակված արժեքների դեմ եւ արժանանում է բարձր հանդուրժողականության, իսկ նախագահող դատավորն իր իշխանությունը կարծես միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ է կարողանում իրացնել, մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունը այդ անբովանդակ միջոցառմանը», - հայտարարեց է Տգրան Եգորյանը։
«Մինչ օրս որևէ կերպ չի դրսևորվում ո՛չ ոստիկանության, ո՛չ ԱԱԾ արդյունավետ համագործակցությունը «Մարտի 1-ի» գործի քննության շրջանակներում, առանցքային ծառայողները կարծես արդյունավետորեն խուսափում են ցուցմունքներ տալուց, և այդ կապակցությամբ չկա որևէ արդյունավետ միջոց»:
Եգորյանի խոսքով՝ դատական համակարգը մաքրելու ուղղությամբ չկատարվեց ոչինչ, ինչից օգտվեցին առանձին ուժեր, մինչդեռ, ըստ փաստաբանի, «Մարտի 1-ի» գործերն այն լակմուսի թուղթն են, որոնք հանդիսանալու են դատական և իրավական բարեփոխումների ցուցիչ և հնարավորություն են տալիս բարձր ճշգրտությամբ ախտորոշելու ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների իրական վիճակը, շարժման ուղղությունը։
«Մենք շատ վրդովված ենք, ջղայնացած ենք, կատաղած ենք: Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական ներկայությունն այս անբովանդակ միջոցառմանը և մեր հետագա քայլերը ըստ զարգացումների կտեսնեք: Այսքան բան ենք ուզում ասել, ոչ ավել»,- ասաց Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
2008 թ. մարտի 1-2 արյունալի իրադարձություններից զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, կոչ արեց գլխավոր դատախազին և մյուսներին ետ դառնալ գործին և շարունակել դրա բացահայտումը:
«Մենք ականատես ենք լինում միայն էժանագին թատրոնի, դրա համար ենք դադարեցնում: Մեք չենք ելնում իշխանության դեմ, հատկապես՝ Նիկոլի դեմ, այլ՝ իր նշանակած մարդկանց և որոնց հետ ինքն աշխատում է․ նրանք անգործության են մատնվել: Ես ակնկալիքներ չունեմ, ոչ գլխավոր դատախազից, ոչ էլ որևիցե մեկից, որ այս գործը կբացահայտվի, եթե այս տեմպով շարունակվի։ Դա համար մենք դադարեցնում ենք դատարանում գտնվել ֆիզիկապես»,- ասաց Մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը:
«Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այս անբովանդակ միջոցառմանը: Իշխանություններն  անկարող են իրավական մի շարք խնդիրների համար արդյունավետ լուծում գտնել, ինչը հանգեցնում է ձախողման: Մարտի 1-ի գործով դատախազությունը չէր դրսևորում բավարար կամք, և շատ մարդկանց հնարավորություն էր տրվում խուսափելու պատասխանատվությունից: 
Սա մի քայլ է, որը նպատակ ունի վերաիմաստավորելու 2018-ին սկսված գործընթացը: Այն  անհասկանալիորեն կամ կանգ առավ,  կամ խափանվեց, այնինչ մեզ լրիցվ ուրիշ տեղ պետք է հասցներ: 2018 թվականի հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործերով  դատախազությունը լռում է:
Մարտի 1-ի իրադարձությունների խորքային, իրավական և քաղաքական անդրադարձ և հետևողական բազմակողմանի գործընթաց չի իրականացվ ում: Որևէ էական առաջընթաց չկա Մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ ապօրինի դատապարտված անձանց վճիռների վերանայման հարցում», - հայտարարեց փաստաբանը:

 

 

Արմինե Գևորգյան