Բավ է պառակտվել
22-10-2020 14:30

«Մենք խաղաղություն ենք ուզում». արցախցի կանայք բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ

Երևանում ժամանակավորապես ապրող արցախցի կանայք բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց և հանդիպում պահանջում դեսպան Լին Թրեյսիի հետ:
Նրանք միջազգային հանրությունից պահանջում են համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիային:
«ԱՄՆ-ից պահանջում ենք, որպես ՆԱՏՕ-ի անդամ, սանկցիաներ կիրառել Թուրքիայի դեմ և վերջ դնել Թուրքիայի մասնակցությանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գործընթացին: Նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ միջամտի կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը: Ցանկանում ենք, որ ԱՄՆ դեսպանը լսի մեզ, որպեսզի սեպտեմբերի 11-ը չկրկնվի նաև Արցախում»,- նշեց նա:
Արցախցի կանանցից մեկն էլ նկատեց, որ Թուրքիայի միջամտությունը ղարաբաղյան կոնֆլիկտին տեղի է ունենում Ամերիկայի հանցավոր լռության պայմաններում։ «Ամերիկյան վերլուծական կայքերում են տեղեկություններ հաստատվում, և այսօր մեր պաստառների վրա էլ կարող եք տեսնել ամերիկյան զինատեսակների մասին, որոնք վաճառվել են Թուրքիային և որոնք կիրառվել են Արցախի և Հայաստանի դեմ։ Խնդիրն այն է, որ, Ամերիկայի զենքի մասին օրենսդրության համաձայն, ամերիկյան որևէ զինատեսակ առանց Ամերիկայի համաձայնության իրավունք չունի հայտնվել մեկ այլ երկրի տարածքում»։
Ակցիայի մասնակիցը նշեց՝ ԱՄՆ-ում գիտեն այդ զինատեսակների կիրառման մասին և լուռ համաձայնում են։ «Այդ զինատեսակները, օգտագործելով խաղաղ բնակչության դեմ, ավերելով մեր տները, մեր քույրերին և եղբայրներին սպանելով, ամերիկյան օրենսդրություն են խախտում: Սա իրենք շատ լավ գիտեն և լուռ համաձայնում են այս ամենին»։


Նախաձեռնող խմբի անդամ Արմինե Մելքոնյանն էլ հայտարարեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան խաղաղ բնակչության դեմ կիրառում են նաև ամերիկյան զինատեսակներ, ինչն անթույլատրելի է: Նրա խոսքով՝ ժամանակն է, որ ԱՄՆ-ը ստանձնի իր դերակատարությունն այս տարածաշրջանում և կանխի ահաբեկչությունը: 
ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչն ընդառաջ եկավ ակցիայի մասնակիցներին և առաջարկեց երեք կանանց մտնել շենք, հանդիպել դեսպանի հետ և հանձնել պահանջագիր-նամակը:  
Արցախցի կանայք Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ իրենց բողոքի ակցիան ավարտեցին՝ երգելով «Իմ սեր Արցախ» երգը։
Հիշեցնենք, որ արցախցի կանայք օրեր առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել նաև Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև՝ հանդիպում պահանջելով ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչի հետ։

Արմինե Գևորգյան