Բավ է պառակտվել
13-01-2021 11:04

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բաքվի հակահայկական ջարդերի 31-ամյակի կապակցությամբ

Բաքվի հակահայկական ջարդերից 31 տարի անց Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների և հայաթափման քաղաքականությունն Արցախի նկատմամբ: Այս մասին ասվում է Հայաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում։

ԱԳՆ-ն հիշեցնում է, որ 31 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես դարձավ Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ հերթական ոճրագործության։ Օրեր շարունակ Ադրբեջանի մայրաքաղաքում առանձնակի դաժանությամբ իրականացվեցին Բաքվի բազմամշակութային դիմագծի առանցքը հանդիսացած հայ բնակչության ջարդերը ու զանգվածային տեղահանումները: Եղան հարյուրավոր սպանվածներ, անդամախեղվածներ և անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ: 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը:

“Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության թիրախում էր ոչ միայն դարեր շարունակ Բաքվում ապրած և արարած հայ բնակչությունը, այլև քաղաքի հայկական պատմամշակութային ժառանգությունը”,- ընդգծվում է հայտարարությունում:

Գերատեսչությունն առանձնակի նշել է, որ մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել Բաքվի հակահայկական ջարդերի կազմակերպիչները և իրականացնողներն, ավելին, նրանք շարունակվում են փառաբանվել որպես հերոսներ: 

“Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների և հայաթափման այդ քաղաքականությունն Արցախի նկատմամբ: Վերջինիս վառ վկայությունն է այսօր Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքների լիակատար հայաթափումը, որն իրականացվել է զանգվածային պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների միջոցով”,- շեշտվում է հայտարարությունում:

Հարգանքի տուրք մատուցելով Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին՝ գերատեսչությունը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և ողջ աշխարհասփյուռ հայության միասնական հանձնառությունը` երաշխավորելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու հայ ժողովրդի իրավունքը:

Նշենք, որ 1990 թվականի հունվարի 13-20-ը Բաքվում տեղի ունեցան հայ բնակչության ջարդեր (զոհեր եղան նաև տեղաբնակ ռուսների թվում):

Դրանից հետո հայերն ամբողջությամբ լքեցին քաղաքը և ամբողջ Ադրբեջանական ԽՍՀ-ն: Հունվարի 20-ի գիշերը զոհվեց 147 մարդ: Կատարվածի համար ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չկրեց: