Բավ է պառակտվել
20-03-2020 15:03

Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն մեկնած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկատվություն է տրամադրել կորոնավիրուսով հիվանդ Ռուսաստան մեկնած Հայաստանի քաղաքացու մասին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր Ռոսպոտրեբնադզորի կայքում , վերջին օրվա ընթացքում Կրասնոդարի երկրամասում գրանցվել է կորոնավիրուսի՝ ՌԴ տարածք ներբերված 2 դեպք։ Պարզվել է, որ այդ քաղաքացիներն այցելել են կորոնավիրուսային վարակի առումով անբարենպաստ երկրներ՝ Իտալիա, Ֆրանսիա, Հայաստան։

Նաղդալյանը հայտնել է, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ:

“Նա ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում”,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Մարտի 20-ի դրությամբ, Հայաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 136 դեպք։ Վարակվածների մեծամասնությունն, այդ թվում՝ մեկ դպրոցական, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասերից մեկում վարակվածների հետ շփում ունեցած անձինք։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին, հիվանդն արդեն առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցից։ Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած Հայաստանի քաղաքացիներ (Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ), նրանց հետ շփման մեջ եղած անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած մեկ անձ։