Բավ է պառակտվել
18-12-2019 16:32

Մինչև իմ նախագահ լինելը ՀՀ-ն դասվում էր աղքատ երկրների ցանկում․Ռոբերտ Քոչարյան

Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարան ներկայացրած իրենց բողոքին, ընդգծեց, որ իրենց վերաքննիչ բողոքի հիմքում Եվրոպական դատարանի դիրքորոշումն է, ինչը կալանքից ազատելու օգտին է։
«Անձը պետք է միշտ ազատ արձակվի կալանքից' բացառությամբ այն դեպքերի, երբ պետությունը կարող է ցույց տալ, որ կան վերաբերելի բավարար հիմքեր՝ նրա կալանքը շարունակելու համար»։
Դատարանը Ալումյանից հետաքրքրվեց, թե որքան է գրավի ողջամիտ չափը, վերջինս նշեց ,որ իրենք գումարի չափ չեն նշի, դատարանը երբ սահմանի իր չափը, կալանքի տակ գտնվող անձը կորոշի՝ կարո՞ղ է վճարել, թե՞ ոչ, կբողոքարկի կամ ոչ։
«Եթե մենք չափ ասենք, կստացվի, որ չափն էլ պիտի հիմանավորենք, և դրա շուրջ էլ պիտի դատավարություն ընթանա»։
Հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով հիշեցրեց, որ ինքը եղել է երկու հայկական պետությունների նախագահ։ Արցախյան պատերազմում ունեցել է ներդրում․ « Խոսք եմ խնդրում, քանի որ դատավարությունը լուսաբանվում է ԶԼՄ-ներով։ Ղեկավարել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ողջ պատերազմում, եղել եմ Անկախության հռչակագրի հեղինակը, ԼՂՀ առաջին նախագահը։
«Հայաստանում 10 տարի նախագահ եմ եղել։ Մինչ այդ Հայաստանը միջազգային կազմակերպությունների վարկանիշում աղքատ երկրների շարքում էր»,- հիշեցրել է Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանի ելույթից հետո դահլիճում ծափեր հնչեցին,;
Վերջինս շարունակեց՝ «ՀՀ-ում ևս եղել եմ նախագահ, մինչև իմ նախագահ լինելը ՀՀ-ն դասվում էր աղքատ երկրների ցանկում, այդ նախագահության ժամանակ երկիրը դարձել է միջին եկամուտ ունեցող երկիր և մինչ օրս այդպես էլ մնում է: Եթե այս արդյունքներն ապահոված մարդուն համարում են վտանգ, ուրեմն ինչ ասեմ, մենք մանկուրտների երկիր ենք»։ 
Այս խոսքերն արժանացան տուժածների շարքի բացականչություններին։ Դահլիճում աղմուկ սկսվեց։ Հանդարտեցնելով իրավիճակը եւ տուժածներին կարգի հրավիրելով՝ դատավորը խնդրեց նախկին նախագահին խոսել բողոքի շրջանակում։ «Ես ասացի, որ այս հայտարարությունը չէր լինի, եթե մեղադրանք չհնչեր իմ հասցեին»,- հիշեցրեց Քոչարյանը։
Դատավորը կարգադրեց դուրս բերել դահլիճից բոլորին, ովքեր խանգարում են դատավարությանը, եւ մեկ րոպե ընդմիջում հայտարարեց։

 

Արմինե Գևորգյան