Բավ է պառակտվել
27-05-2020 17:41

Հայաստանի կրթության նախարարը ներկայացրել է բուհերի ընդունելության քննությունների ընթացքը կորոնավիրուսի պայմաններում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պարզաբանել է, թե ինչպես կընթանան բուհերի ընդունելության քննությունները կորոնավիրուսի պայմաններում։

“Նախորդ շաբաթ կառավարությունը հաստատել է 2020-2021թ․թ․ ուսումնական տարվա բուհերի ընդունելության քննությունների կարգը։ Կորոնավիրուսով և դրա տարածման վտանգով պայմանավորված մենք փոփոխել ենք ամբողջ համակարգը։ Փորձել ենք միաժամանակ պահպանել թե որակը, թե առողջապահության նախարարության պահանջները”,- ասել է Հարությունյանը չորեքշաբթի խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում։

Մասնավորապես, նա նշել է, որ գրանցումը կլինի միայն առցանց ռեժիմով։ Ամբողջ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ dimord.am կայքի միջոցով։ Նա նաև հիշեցրել է, որ դիմորդները կհանձնեն միայն մեկ քննություն։

Պատասխանելով հարցին, արդյո՞ք քննություններն առցանց են կազմակերպվելու, Հարությունյանն ասել է, որ քննություններն անցկացվելու են քննական կենտրոններում, որտեղ լինելու են դիմակներ և ախտահանիչ միջոցներ։ Կենտրոնները կկահավորվեն տեսանկարահանման սարքերով քննության ընթացքին հեռահար հետևելու համար:

“Կխնդրեմ, որպեսզի ծնողները զերծ մնան այցելել քննական կենտրոններ, որպեսզի կուտակումներ չունենանք”,- ասել է նա։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ։ Ապրիլի 13-ին կառավարությունը երկարաձգել է ԱԴ ռեժիմը մեկ ամսով՝ մինչև մայիսի 14-ը ներառյալ, ապա ևս մեկ ամսով՝ մինչև հունիսի 13-ի ժամը 17։00-ն ներառյալ։ Միաժամանակ, մարտի 24-ից սահմանված քաղաքացիների ազատ տեղաշարժի և որոշ տիպի տնտեսական գործունեության նկատմամբ սահմանափակումները վերացվել են մայիսի 4-ից, իսկ մայիսի 18-ից վերսկսվել է հասարակական տրանսպորտի, մարզասրահների, մանկապարտեզների և հասարակական սննդի կետերի աշխատանքը։

Մայիսի 27-ի առավոտյան դրությամբ Հայաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսի 7774 հաստատված դեպք։ COVID-19-ից մահացել է 98, ապաքինվել՝ 3255 մարդ։