Բավ է պառակտվել
07-08-2019 18:30

Սևանը թափվող հինգ գետ աղտոտված են կենսածին նյութերով․նախարար

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Սևանը թափվող հինգ գետը աղտոտված են կենսածին (կենսական ծագում ունեցող՝ խմբ) նյութերով։

Նախարարի խոսքով, շրջակա միջավայրի նախարարության մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնը Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգն իրականացնում է Ձկնագետ, Մասրիկ, Սոթք, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ, Գավառագետ գետերի տասնութ դիտակետում:
Սևանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված են Գավառագետը, Ծակքար, Շողվագ, Մասրիկ, Արգիճի գետերը:

Կենսածին նյութերով աղտոտվածության հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերի՝ առանց պատշաճ մակարդակով մաքրվելու արտահոսքերը, ինչպես նաև գյուղատնտեսական հոսքաջրերը:

Արդյունքում, ամբողջապես չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերը իրենց հետ գետեր, իսկ այնուհետև լիճ են տանում ազոտի և ֆոսֆորի զգալի քանակություն:

Սևանա լիճը՝ տարածաշրջանում խմելու ջրի հիմնական աղբյուրը, Եվրոպայի և Ասիայի ամենամեծ բարձրադիր լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում, 1914 մ բարձրության վրա։ Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք լճի երկարությունն ավելի քան 70 կիլոմետր է, իսկ ջրային հայելու մակերեսը կազմում է մոտ 1,5 հազար քառակուսի կիլոմետրի։ Սևանից սկիզբ է առնող միակ գետը Հրազդանն է (Արաքսի վտակը), մինչդեռ լիճ են թափվում 28 գետ ու գետակ, որոնց ավազանների գումարային մակերեսը կազմում է 2776 քառ․ կիլոմետր։ Նախատեսվում է մինչև 2030թ․ լճի մակարդակը բարձրացնել օպտիմալ՝ 1903,5 մետրի։