Բավ է պառակտվել
03-05-2022 13:15

Հայաստանի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հերթական ապատեղեկատվությունը հերքող հայտարարությամբ։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 2-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ադրբեջանի ՊՆ-ն վերջերս հաճախ է հանդես գալիս նման հայտարարություններով։

Նշվում է, որ իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին

Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանակից մարզերում (Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում) Ադրբեջանի զինուժի որոշ խմբեր մայիսի 12-ից ապօրինի հատել են ՀՀ պետական սահմանը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ և մինչ օրս գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։

Այս տարածքներում պարբերաբար բախումներ են տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, ինչի հետևանքով երկու կողմից կան զոհեր։ Ամենախոշոր սրումը տեղի ունեցավ նոյեմբերի 16-ին, երբ արևելյան ուղղությամբ հայկական դիրքերի վրա հակառակորդի հարձակմանընթացքում գերեվարվեց մոտ 30 հայ զինծառայող (հստակ թիվը չի նշվում)։ Ադրբեջանն արդեն վերադարձրել է մեծամասնությանը Հայաստան՝ Ռուսաստանի Դաշնության, ԵՄ-ի, Ֆրանսիայի և Հունգարիայի միջնորդությամբ։

Ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվածություն ձեռք բերեցին ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Փաշինյանն ու Ալիևը նաև հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: