Բավ է պառակտվել
28-07-2021 19:36

Հայաստանի պաշտպանության նախարարության ամփոփոգիրը հայ-ադրբեջանական սահմանից՝ ադրբեջանական զինուժի գիշերային սադրանքից հետո

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, մասնավորապես՝ Գեղարքունիքի հատվածում։

«Հուլիսի 28-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում միջադեպեր չեն գրանցվել, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են օպերատիվ իրադրությունը»,- ասվում է հայտարարությունում։

Ըստ Հայաստանի Պաշտպանության նախարարության, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հուլիսի 28-ին, ժամը 03: 40-ի սահմաններում, գրոհել են հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելքում` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Հակառակորդը փորձել է բարելավել իր դիրքերն առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով, Հայաստանի զինված ուժերը պաշտպանել են իրենց դիրքերը` թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը: Պաշտպանության նախարարության տվյալներով ՝ հայկական կողմն ունի երեք զոհ և երեք վիրավոր: Ժամը 09:20-ի դրությամբ ադրբեջանական ստորաբաժանումները, կրելով կորուստներ, ետ են շպրտվել ելման դիրքեր: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի ռեժիմի վերականգնման մասին: Վերջին տվյալներով՝ հայկական կողմն ունի երեք զոհ և հինգ վիրավոր, հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում է։