Բավ է պառակտվել
18-05-2021 12:44

Հայաստանի ՊՆ-ն հայտնում է Սյունիքում և Գեղարքունիքում իրավիճակի լիակատար վերահսկոության մասին

Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ թե՛ Սյունիքի, և թե՛ Գեղարքունիքի մարզերում իրադրությունը լիարժեք վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։
«Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրության մեջ, մայիսի 18-ի առավոտյան դրությամբ, փոփոխություններ չեն արձանագրվել։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերն»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ իրավիճակի լիարժեք հանգուցալուծման շուրջ բանակցություններն, ըստ ամենայնի, կշարունակվեն վաղը՝ մայիսի 19-ին։
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, կարևորելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման, և շեշտում են, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները բացարձակ անընդունելի են։ Ադրբեջանցի զինվորականները պարտավոր են առանց նախապայմանների լքել Հայաստանի Հանրապետության տարածքը և հետայսու ձեռնպահ մնալ նմանատիպ սադրանքներից»,- ևս մեկ անգամ ընդգծում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: