Բավ է պառակտվել
26-11-2020 23:00

ՊՆ հերքում է, գյուղապետը հաստատում․ թուրքերը մտել են Սոթք (տեսանյութ)

«ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Քարվաճառ տանող դարպասը կոտրելու մասին լուրերը. ընթանում են սահմանի վերջնական ճշգրտման աշխատանքներ:
Այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ անդրադառնալով տարածվող տեղեկատվությանը, թե ադրբեջանցիները կոտրել են տեղադրված դարպասը:

«Դարպասը կոտրելու մասին, բնականաբար, խոսք չկա: Այնտեղ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերջնական ճշգրտման հարցն է քննարկվում՝ նաև արբանյակային կապի միջոցներով, GPS նավիգատորներով: Այդ աշխատանքներն են ընթանում, դարպասներ կոտրելու մասին խոսք չկա»,-ասաց Ալթունյանը:

Նա պարզաբանեց խնդիրը. «Քանի որ Հայաստանն այդ ուղղությամբ Ադրբեջանի հետ սահման չի ունեցել մինչև հիմա, այսինքն ՀՀ-ից հետո եղել է Արցախը, հիմա սահմանագծի ճշգրտման խնդիր է առաջացել: Այդ աշխատանքներն են իրականացվում»:

Սակայն Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը հաստատում է՝ ադրբեջանցիները մուտք են գործել Սոթքի հանքի տարածք։

«Ինֆորմացիան ճիշտ է, բայց այնպես չէ, որ այս պահին կրակոցներ կամ ինչ-որ հարձակում է, եկել են, դիրքավորվել են ու պահանջել են տարածքն ազատել։ Հիմա բանակցություններ են գնում», - Aysor.am ասաց Սոթքի համայնքապետ Հակոբ Ավետյանը։

Նա նշեց, որ առանց ռուս խաղաղապահների իրավիճակը չի կարող լավ ավարտվել: Ավետյանի խոսքով՝ հանքի աշխատակիցները լքում են տարածքը, սակայն որևէ մեկին որևէ վտանգ չի սպառնում։

Արմինե Գևորգյան