Բավ է պառակտվել
26-11-2020 15:32

ՊՆ-ն պակաս է տվել, ապա կտրել անհետ կորած պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը

Անհետ կորածների որոնումների ու գերիների վերադարձի հարցը մինչ այս պահը կառավարության կողմից որևէ շոշափելի արդյունք չի տվել։ Ու մինչ կառավարության ղեկավարը հայտարարում է, թե դա իրենց առաջնահերթություններից է, պարզվում է, որ նույն կառավարությունը կտրում է անհետ կորած զինծառայողների աշխատավարձերը: 

Երկու օր առաջ Կառավարության շենքի դիմաց անհետ կորածների ծնողները հերթական բողոքի ակցիան էին իրականացնում: Նրանց թվում էին նաև Էջմիածնի քիմիական զորամասի պայմանագրային զինծառայողների ծնողները, որոնք բացի որդիներին փնտրելուց նաև այլ խնդիր ունեն:

Զինծառայող Էրիկ Ներսեսովի  մայրը Gisher.news-ին պատմեց, որ որդու անհետ կորելուց երեք օր անց, իսկ դա տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին, պետությունը կտրել է Էրիկի աշխատավարձը: Այսինքն՝ հոկտեմբեր ամսվանը ստացել են միայն 24 օրվա համար, իսկ նոյեմբերին չեն ստանա:

«Հոկտեմբերի 21-ին, երբ կորել են, երեք օրից հետո զինծառայողների աշխատավարձը կտրել են: Մեզ ասացին, թե այդպես է՝ 72 ժամ հետո կտրում են աշխատավարձը, ու, փաստացի, մեզ ընդամենը 24 օրվա աշխատավարձ տվեցին: Էրիկը երեք անչափահաս երեխա ունի, միակ աշխատողը ինքն է, ամուսինս թոշակառու է, իր թոշակով մենք հազիվ դեղերն ենք գնում, դեռ Էրիկի աշխատավարձից էլ է դեղերի վրա գնում: Հիմա ի՞նչ անենք»,- հարցնում է Լաուրա Ներսեսովան: Որդին եղել է Զանգելանում, վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 20-ին: Եվ հիմա ո՛չ որդին կա, ո՛չ պատասխան, թե արդյոք նա ողջ է, թե ոչ։ 


Նույն զորամասի մեկ այլ պայմանագրային զինծառայող Ռուդիկ Ալեքսանյանի քույրն էլ՝ Սիրանուշ Ալեքսանյանն ասում է, որ եղբոր անհետ կորելուց հետո, երբ փորձել են աշխատավարձը կանխիկացնել քարտից, վրան ընդամենը 98 հազար է եղել փոխանցված, թեպետ աշխատավարձը կազմում է շուրջ 130 հազար:

«Սկզբից մտածեցինք, որ Ռուդիկը իր անունով վարկ ունի, և այդ պակասորդը դրանով է պայմանավորված: Սակայն բանկից տեղեկացրեցին, որ որևէ պահումներ ու վարկային գծից վճարումներ չեն եղել և ՊՆ-ն է այդքան փոխանցել՝ 98 հազար: Հետաքրքրվեցինք, ասացին, որ քանի որ հոկտեմբերի 21-ից իրենք համարվում են  անհետ կորած, ապաև ավտոմատ դուրս են գալիս համակարգից ու դրա համար գումարները պակաս են փոխանցվել»,- ասաց քույրը:
Ասում է՝ այս պահին իրենց միակ դարդն ու ցավը եղբոր վերադարձն է, նրան գտնելը և գումարը ամենևին էլ առաջնային չէ: Բայց պայմանագրայինների ընտանիքները պետության այս մոտեցումը վիրավորական են համարում, ի վերջո այս դժվար պահին, երբ աջակցության կարիք կա, պետությունը նրանց լրիվ միայնակ է թողել:


Հ․Գ Մեր խմբագրությունը դիմել է ՊՆ պարզաբանում ստանալու համար։ Պարզաբանումը ստանալուց իսկույն ևեթ կտեղեկացնենք մեր ընթերցողներին։

Արմինե Գևորգյան