Բավ է պառակտվել
17-05-2021 14:29

Հայաստանի արդարադատության նախարարությունը ներկայացրել է բարեփոխումները պետծառայությունների ոլորտում

Հայաստանի արդարադատության նախարարությունը փորձում է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը հանրային ծառայությունների ոլորտում, արագացնել դրանց մատուցման ժամկետներն, ինչպես նաև դարձնել դրանք ավելի հասանելի և մատչելի։ Թե ինչպես՝ պատմել է Հայաստանի արդարադատության փոխնախարարը։

Այսուհետ, Հայաստանի քաղաքացին ծնողների դրած անվան հետ համաձայն չլինելու դեպքում ստիպված չի լինի ապացուցել, որ իր անունը բարեհունչ չէ, կամ ծնողների սխալն ուղղելու համար գումար վճարել որոշում կայացնողներին։ Դե իսկ որոշումը կայացնում էր ՔԿԱԳ գործակալության պետը` միանձնյա։

Այս օրինակը բերեց Հայստանի արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը, երկուշաբթի մամլո ասուլիսին ներկայացնելով բարեփոխումները հանրային ծառայությունների ոլորտում։

«Մեր կարծիքով՝ այս կարգավորումները կոռւպցիոն ռիսկեր էին պարունակում, քանի որ թողնված էին պետական պաշտոնյայի հայեցողությանը, և պետական պաշտոնյան պետք է որոշեր` անձի անվան փոփոխությունը հարգելի՞ է, թե՞ հարգելի չէ։ Կոռուպցիոն ռիսկ էր նաև, որ դիմում ընդունողը նաև որոշում կայացնողն էր։ Մենք հիմա համակարգը փոխել ենք. դիմում ընդունողները կընդունեն դիմումը, իսկ որոշումը կկայացվի Արդարադատության նախարարությունում, և քաղաքացին անգամ չի իմանա, թե ով է որոշում կայացնողը»,– ասաց նա։

Բացի այդ, պարզաբանել է Դանիելյանը, կարիք չի լինի ապացուցել, որ անվանափոխման պահանջը հիմնավոր է։ Գնահատողական հիմքերը օրենքից հանվել են։

«ՔԿԱԳ բոլոր ծառայությունների պետական տուրքից ազատվել են կենսաթոշակառուները, առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամները, ընտանիքի անապահովության համակարգում գրանցված անձինք, ռազմական գործողությունների մասնակիցները կամ ռազմական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքի անդամները»,– ասաց Դանիելյանը։

Սոցիալական այս խմբերին չպատկանող այլ քաղաքացիներն էլ այսուհետ ստիպված չեն լինի ՔԿԱԳ ցանկացած տեղեկանքի դիմաց 2000 դրամ վճարել։ Պետտուրքի այս տեսակն ընդհանրապես վերացվել է։

Արդարադատության փոխնախարարի հաշվարկով՝ նման տեղեկանքն էր պահանջում տարեկան շուրջ 13 000 քաղաքացի։

Պետական տուրքից ազատվել է նաև ամուսնության գրանցումը (տարեկան շուրջ 15 000 զույգ)։ ԱՁ գրանցողները 3000 դրամ պետտուրք չեն վճարի միայն առցանց գրանցվելու դեպքում։ Սա, ըստ Դանիելյանի, արվել է առցանց աշխատելաձևը խրախուսելու համար։

Դանիելյանի խոսքով՝ պետական բյուջեն այս փոփոխություններից չի տուժի, քանի որ արագացված ծառայություն պահանջելու դեպքում քաղաքացին պետք է հավելյալ վճարում կատարի։

Բարեփոխումներ են կատարվել ոչ միայն տուէերի, այլ նաև նաև ժամկետների հարցում։

Օրինակ` անվան փոփոխությունը նախկինում 5 ամսում էր կատարվում, հիմա՝ 15 օրում։ Փաստաթղթերում ուղղագրական կամ թվային սխալներն ուղղելու համար ևս սահմանվել է 15–օրյա ժամկետ։ Իսկ պետական մարմնի սխալն ուղղելու համար քաղաքացին այսուհետ ստիպված չի լինելու վճարել։ Տուրքի այս տեսակը ևս վերացվել է։
Օպտիմիզացվել է նաև փաստաթղթերի շրջանառությունը՝ էլեկտրոնային ձևաչափին անցնելու շնորհիվ։, ինչի թույլ կտա խուսափել ավերոլրդ քաշքշուկից։ Այսուհետ քաղաքացին իր փաստաթղթերը կստանա էլեկտրոնային նամակով և կակտիվացնի QR կոդի միջոցով։
Առաջիկայում նախատեսվում է միավորել հանրային բոլոր ծառայությունները մեկ կենտրոնում։ Նման գրասենյակներից առաջինն արդեն բացվել է Երևանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում։ «Մենք նախատեսում ենք բոլոր ծառայությունները հավաքել մեկ շենքում, որպեսզի քաղաքացին ստիպված չլինի մեկ պետական մարմնից գնալու մեկ այլ պետական մարմին։ Գաղափարն այնէ, որ նա կարող է մոտենալ մեկ պատուհանին ու ստանալ այս կամ այն ծառայությունն»,– ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով, սա առայժմ պիլոտային տարբերակ է, բայց առաջիկայում ոչ միայն արդարադատության նախարարության, այլև կադաստրի, ոստիկանության մատուցած բոլոր հանրային ծառայությունները կկենտրոնացվեն տարածքային ընդհանուր կենտրոններում։