Բավ է պառակտվել
17-01-2020 12:05

ՄԻՊ–ը մի քանի անգամ միջնորդել է, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվի, բայց մերժվել է

Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու օրը, մեր դիտարկմամբ, առողջական վիճակն ավելի էր վատացել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Գրիգորյանը շարունակում է մնալ հիվանդանոցում, կալանքի պայմաններն այդ իմաստով ազդեցություն չեն թողնում։ Որոշումը դատարանն է կայացրել, այստեղ ՄԻՊ-ը միջամտելու իրավունք չունի, պարզապես նշեմ, որ մենք փաստաբանների բողոքի հիման վրա այնքանով, որքանով նա շարունակում է մնալ մեղադրյալ, ինչպես ցանակացած այլ գործով, այս դեպքում էլ նույնպես, ուշադրության ներքո պահելու ենք խնդիրը, համապատասխան գնահատականներ նաև կհնչեցնենք», - ասաց Թաթոյանը։
Նա նշեց, որ հուլիսից սկսած՝ ինչպես ցանկացած այլ կալանավորի, այնպես էլ Մանվել Գրիգորյանի մասով իրենք իրականացրել են մշտական այցեր և ուշադրության կենտրոնում են պահել հարցը, փաստաբանների հետ կապի մեջ են եղել
Պարզապես վերջին ամիսներին վիճակը վատացել և ես 2 անգամ իրար հաջորդող օրերի հայտարարություններ արեցի, որ առողջական վիճակը կայուն ծանր է, մենք այդ հետևությանը եկանք մեր բժշկի ուսումնասիրությունների հիման վրա, Մանվել Գրիգորյանին բուժող «Նաիրի» ԲԿ-ի բժշկի ուսումնասիրությունների հիման վրա և փաստաբանի հետ առանձնազրույցների արդյունքում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ կայանքից ազատելու օրը նրա վիճակն ավելի էր վատացել։
Դիտարկմանը, թե հնարավոր է, որ Գրիգորյանի առողջական վիճակն այսքան չվատթարանար, եթե դատարանն ավելի շուտ բավարարեր կալանքը որպես խափանման միջոց փոխելու միջնորդությունները, Թաթոյանն ասաց․
«Քանի որ գործը գտնվում է դատական վարույթում, գնահատականների առումով ես սահմանափակված եմ, ընդամենը կարող եմ ասել, որ նախաքննության ժամանակ մի քանի անգամ միջնորդել եմ, որ խափանման միջոցը փոխվի, բայց դե մերժվել է»։
Հիշեցնենք,որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով արտահերթ դատական նիստ հրավիրելու որոշում էր կայացվել՝ Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման հետ կապված։ Նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: