Բավ է պառակտվել
11-01-2021 09:16

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ցուցարարները ցանկանում են կանխել Փաշինյանի թռիչքը Մոսկվա (լուսանկար, տեսանյութ)

Երկուշաբթի առավոտյան Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ընթացավ մի շարք ընդդիմադիր կուսակցությունների կողմից կազմակերպված ակցիա:

Մասնակիցների նպատակն է կանխել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թռիչքը Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ:
Վաղ առավոտից ոստիկանությունը փակել է դեպի օդանավակայան տանող փողոցներն ու պողոտաները: Արգելված է թե քաղաքացիների, թե լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը:

Ակցիայի մասնակիցները կարգախոսներ են վանկարկում Փաշինյանի դեմ և ոստիկանության աշխատակիցներին կոչ անում «հարգել ուսադիրները, չպաշտպանել դավաճան Նիկոլին և կանգնել ժողովրդի կողքին»:

Ներկայումս ակցիան մոտենում է ավարտին, մասնակիցները ցրվում են, ոստիկանությունն աստիճանաբար բացում է ճանապարհը տրանսպորտային միջոցների համար:

Սպասվող հանդիպման մասին

Հունվարի 11-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը: Ըստ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի, եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի և վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաարգելափակմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանն, այդ թվում` Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական շրջաններից դեպի Սյունիքի մարզ:

Կքննարկվեն նաև գերիներին վերադարձնելու, ադրբեջանական թիկունքում մնացած զինծառայողների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինները հայտնաբերելու, անհայտ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրները:

Մինչդեռ հայկական լրատվամիջոցներն արդեն մի քանի օր է տեղեկություն են տարածում այն մասին, որ հունվարի 11-ին Մոսկվայում Փաշինյանը նախատեսում է ստորագրել «Հայաստանի համար հերթական նվաստացուցիչ պայմանագիր Ադրբեջանի հետ», որի տեքստն արդեն պատրաստ է: