Բավ է պառակտվել
07-10-2021 15:36

Հայաստանում խաբեբաները մարդկանց գայթակղել են «Ֆեյսբուք»-ում 4 մլն դրամի «հեշտ» վարկերով

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է, որ երկու քաղաքացի ստեղծել են հանցավոր խումբ ՏՏ մասնագետի մասնակցությամբ:

ԱԱԾ մամլո ծառայության փոխանցմամբ՝ նրանք Facebook սոցիալական ցանցում հայտարարություն են տեղադրել, որ «Արագ աջակցություն» կազմակերպությունը ընդամենը 10 րոպեում, առանց երաշխավորի և վարկային պատմության մինչև 4 մլն դրամի վարկ է տրամադրում նրանց, ովքեր ֆինանսական խնդիրներ ունեն։

Նման եղանակով կազմակերպված խմբի անդամները տասնյակ մարդկանց ուղղորդել են ajakic.com կայք, որտեղ վերջիններս լրացրել են վարկ ստանալու առցանց հայտ: Կազմակերպված խմբի անդամներից մեկը հեռախոսային կապ է հաստատեց դիմորդների հետ: Մյուսը, ներկայանալով որպես վարկային հաստատության աշխատակից, տեղեկացրել, որ վարկը հաստատվել է և պահանջել, որ վարկի առաջին մարմանը հավասար կանխավճար փոխանցվի Tell Cell համակարգի միջոցով:

Այս հանցավոր սխեմայի արդյունքում խաբեբաները 2021 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին խաբեությամբ յուրացրել են 3.939.800 ՀՀ դրամ գումար: Հանցավոր խմբի հանցակիցներից մեկն այդ գումարը կանխիկացրել է «Տելսել» վճարահաշվարկային համակարգով:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի քննության սկզբնական փուլում կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով հիշյալ անձինք ձերբակալվել են, նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են նշված կազմակերպված խմբի նույնաբնույթ այլ գործողություններից, դիմել իրավապահ մարմիններին և հորդորում խոցելի վիճակում հայտնվելուց զերծ մնալու համար օգտվել միայն արդեն ստուգված կամ ստուգելի համակարգերից: