Բավ է պառակտվել
05-01-2021 12:27

Մոսկվան իրավաբանական աջակցություն է խնդրել Բաքվից Հայաստանի երկնքում խոցված ռուսական Մի -24-ի գործով

Ռուս ռազմական քննիչները օգնություն են խնդրել իրենց ադրբեջանցի գործընկերներից ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական Մի-24 ուղղաթիռի կործանման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության շրջանակներում: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է լավատեղյակ աղբյուրը:

«Այս գործի քննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել իրականացնել մի շարք քննչական գործողություններ, մասնավորապես` պարզել մի շարք կասկածյալների ինքնությունը, ինչպես նաև այս միջադեպի որոշ հանգամանքներ: Այս կապակցությամբ Ադրբեջան է ուղարկվել միջազգային իրավաբանական աջակցության հայտ», - ասել է աղբյուրը:

Նա նշել է, որ միայն համապատասխան նյութեր ստանալուց հետո կլուծվի ռուս ռազմական օդաչուների սպանության մեջ մեղադրանք ներկայացնելու հարցը:

«Քանի որ մենք խոսում ենք օտարերկրյա քաղաքացիների մասին, ովքեր չեն կարող արտահանձնվել, ռուսական կողմն, ամենայն հավանականությամբ, հետաքննության նյութերը կուղարկի Բաքու՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար», - պարզաբանել է աղբյուրը:

Նա ասլ է, որ ներկայումս Ռուսաստանի Քննչական կոմիտեի ռազմական քննիչները հետաքննում են քրեական գործը ՌԴ ՔՕ «Երկու կամ ավելի անձանց դիտավորյալ սպանություն» հոդվածով, որը նախատեսում է պատիժ մինչև ցմահ ազատազրկում:

«Մոտ ապագայում հետաքննության ժամկետը կերկարաձգվի ևս երկու ամսով», - հայտնել է գործակալության աղբյուրը:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ անցած տարվա նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի օդային տարածքում՝ մարտական գործողությունների գոտուց դուրս խոցվել է Մի-24 հարվածային ուղղաթիռը: Հաղորդվում էր, որ երկու ռուս զինծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 18:30-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 17: 30-ին): Ուղղաթիռն ուղեկցել է 102-րդ ռուսական ռազմաբազայի շարասյունը Հայաստանի տարածքում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (Ադրբեջան) սահմանին մոտ գտնվող Երասխ հայկական բնակավայրի մոտակայքի օդային տարածքում, նշել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:

Նույն օրը՝ նոյեմբերի 9-ի երեկոյան, ստորագրվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին:

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մի -24-ը պատահաբար խոցվել է ադրբեջանական զինուժի կողմից` Հայաստանի տարածքի վրա: «Ադրբեջանական կողմը հայցում է ռուսական կողմի ներողամտությունը դժբախտ պատահարի բնույթ կրող այս ողբերգական միջադեպի կապակցությամբ, որն ուղղված չի եղել ռուսական կողմի դեմ», - հայտարարել են ԱԳՆ-ից: Ադրբեջանական կողմը հայտարարել է համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամության մասին: