Բավ է պառակտվել
21-04-2020 14:39

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայից տարհանված հայրերը, երբ կվերադառանան հայրենիք

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի ղեկավարությունը շենքից դուրս է հանել այնտեղ օրեր շարունակ չվերթի սպասող Հայաստանի քաղաքացիներին։ Ըստ դրսում հայտնված մարդկանց, օդանավակայանի աշխատակիցներն ասել են՝ ախտահանման աշխատանքներ են իրականացնելու։

«Սա նկարում եմ՝ Նիկոլը տենա։ Մի հատ սամալյոտն ի՞նչ է, չեն կարողանում տան»,- ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց Արմեն Մարկոսյանը։
Նշենք, որ Հայաստանի արտգործնախարարությունը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացածների խնդրին տեղյակ է առաջին իսկ պահից և պլանավորում է համապատասխան գործողություններ հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերադարձը կազմակերպելու քայլերը կիրականացվեն մոտ օրերս: Վերջինս հորդորեց Ռուսատանում գտնվող բոլոր հայրենակիցներին ենթարկվել կանոններին, որոնք առաջարկվում են տվյալ երկրների կառավարությունների կողմից, եթե «Դոմոդեդովոն» է, ապա՝ Ռուսաստանի, եթե «Շառլ դը Գոլն» է՝ Ֆրանսիայի։
«Եթե սահմանափակումները վերաբերում են, որ երկու հոգուց ավելի հավաք չպետք է լինի, ապա չպետք է լինի, եթե պարտադրում են դիմակներ, ապա պիտի ունենալ, եթե պահպանվեն բոլոր կանոնները և իրականացվեն, որևէ խնդրի առջև չենք կանգնի»,–ասաց Ավետ Ադոնցը:
Վերջինս նշեց նաև, որ ՌԴ-ում մեր դեսպանությունը ձևավորել է մի մեխանիզմ, որի արդյունքում քաղաքացիներն ունենում են ժամանակավոր կեցավայր, մինչև չկայանա այն թռիչքը, որը կվերադարձնի Հայաստան:
«Դոմոդեդովոյում» հավաքվելու անհրաժեշտություն չկա, նորից եմ ուզում հորդորել լսել և համագործակցել դեսպանությունների հետ այս առումով, եթե երեկ և նախորդ օրն ունեցանք վերադարձի չվերթներ Կրասնոդարից, ապա մոտ օրերս կլինեն նաև Մոսկվայից»,- ասել է Ադոնցը:
Նշենք, որ «Դոմոդեդովո» օդանավակայանից իրականացվել է երեք թռիչք: Երեկ երկու թռիչք ևս կատարվել է Ռուսաստանի այլ քաղաքներից, մասնավորապես Կրասնոդարից և Դոնի Ռոստովից:
Անդրադառնալով արտերկրի համար մուտքի արտոնագրի երկարացմանը, Ադոնցը նշեց, որ ամեն երկիր դա ինքն է կարգավորում.«Սակայն հիմնականում բոլոր երկրներում մուտքի արտոնագրերը երկարաձգվում են:Եթե դրանց ժամկետը սպառվել է, ապա պետք է դիմել տեղական իշխանություններին` ժամկետները երկարաձգելու համար: Սակայն դրանից առաջ կապնվեք մեր դիվանագիտական ներկայացուցչության հետ»։

 

 

 

Արմինե Գևորգյան