Բավ է պառակտվել
12-07-2018 21:40

Մոտ 150 հազ. հայ վարորդների ՃՈ տուգանքները կներվեն-ԱԺ–ն ընդունեց օրինագիծը

ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը։

Ինչպես նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, օրինագծով առաջարկվում է քաղաքացիներին ազատել մինչև 2017 թ.–ի դեկտեմբերի 31–ը կատարած մի շարք վարչական խախտումների համար տուգանքների վճարումից։

«Համաներման շրջանակում ընդհանուր առմամբ կներվի 13,7 մլրդ դրամի (28,4 մլն դոլար) տուգանք, միաժամանակ ներումը չի տարածվի այնպիսի խախտումների վրա, ինչպիսիք են մեքենա քշելը խմած վիճակում, մեքենայի համարանիշների փոխանցումն այլ անձանց և այլն», – ասաց Զեյնալյանը։

Նրա խոսքով, նման որոշումը պայմանավորված է նրանով, որ եթե քաղաքացիները մինչ օրս չեն վճարել այդ տուգանքները, նշանակում է` հնարավորություն չեն ունեցել։

Ինչպես նշեց նախարարը, նման որոշումը թույլ կտա լավացնել քաղաքացիների սոցիալ–տնտեսական վիճակը, ավելին, որ դա կանդրադառնա 150 հազար վարորդների վրա։

Ըստ փոփոխությունների, կզրոյացվեն նաև ժամանակին բոլոր տուգանքները վճարած ավտոսեփականատերերի բոլոր խախտումները։ Դա նշանակում է, որ եթե նրանք կրկնակի խախտում անեն, ապա տուգանքը կլինի ոչ թե ավելացված չափով` կրկնակի խախտման համար, այլ որպես երթևեկության կանոնների առաջնային խախտում։