«Եթե կհիշեք, անցյալ տարի մայիսի ութին՝ Շուշիի ազատագրման օրը նիստ էին դրել, դատախազներն էլ շատ ցինիկաբար ասացին՝ ձեզ Շուշին ազատագրելու համար չեն այստեղ դատում։ Այս ամենի արդյունքը եղավ այն, ինչը մենք և ուրիշները 2․5 տարի շարունակ զգուշացնում էինք։ Այս մասին այսօր Շենգավիթի առաջին ատյանի դատարանի բակում Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Լևոն Քոչարյանին իշխանությունների աներեսությունն ապշեցնում է. «Այս ամենից հետո մնալը աբսուրդի ժանրից է, և ես համաձայն եմ այն պնդումների հետ, որ նրանք պետք է մի փոքր ինքնասիրություն և թասիբ ունենային ու հեռանային»։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատերազմի մեկնարկից մի քանի օր անց մեկնել էր Արցախ: Լևոն Քոչարյանը անդրադարձավ նաև այդ թեմային նշեց, որ հայրը փորձել է հնարավորինս օգտակար լինել, բայց իշխանություններն անտեսել են նրան։
«Հայրս ամեն բան փորձեց անել՝ խորհուրդներ տալ, հուշումներ անել։ Նույնիսկ ասում էր՝ այսինչ բանը գնացեք, ասեք, բայց մի ասեք, որ ես եմ ասել։ Արցախի նախագահն անգամ հարկ չհամարեց հանդիպել, քննարկել»:
Լևոն Քոչարյանը վստահեցրեց, որ տեսել է, թե ինչպես են 1990-ականների հաղթանակների հիմքում կանգնած մարդկանց անտեսում` չլսելով ու չխոսելով նրանց հետ։ Նրա խոսքով` Ռոբերտ Քոչարյանը պատերազմի օրերին փորձել է անել առավելը, այն, ինչ հնարավոր էր անել` չլինելով իշխանության մեջ։ Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա՞ քաղաքականություն, նա ասաց, թե իր հայրը շուտվանից է քաղաքականության մեջ, որի մասին բազմիցս ասվել է. «Հետագա գործողությունների հետ կապված դեռ առիթ կլինի խոսելու ու դեռ ժամանակ կլինի ներկայացնել հանրությունը, թե ինչ ձևով, եղանակով է դա լինելու»։ Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ Լևոն Քոչարյանն ասաց, թե այս իշխանությունն իրենն է առաջ տանում, ընդդիմությունն իր օրակարագն է առաջ տանում, բայց որոշողն իշխանությունն է մեծ հաշվով: «Ոչնչի առաջ չեն կագնելու: Պատրաստ են կեղծիքների ու ամեն ինչի, միայն թե վերարտադրվեն», - նշեց նա։ Լևոն Քոչարյանն ասաց, որ կա ձևավորված ընդդիմություն, իսկ իրենք որևէ փուլում հնարավոր է ներգրավե՞ն պրոցեսների մեջ, թե՞ ոչ, նշեց. «Չեմ ուզում ոչ մի բան բացառել, ոչ հաստատել: Ամեն դեպքում այսօր նման խնդիր դրված չէ»:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի և ՀՀ ԱԱԾ գործակալ լինելու մասին՝ Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի բացահայտմանը՝
Լևոն Քոչարյանն ասաց. «Այդ ամենի վերջնական պատասխանը կստանանք, երբ լինի իշխանափոխություն, և քննություն անցկացվի։ Ինձ թվում է՝ անմտություն է մտածել, որ Ազգային անվտանգության ծառայությունը կարող էր ասել՝ ճիշտ է, գործակալ է։ Մենք տեսանք, թե ինչ խոցելի է մեր անվտանգությունը։ Այս մարդիկ, եթե իշխանության գլխին են, խոցելի է»։