Բավ է պառակտվել
20-08-2020 18:00

Ձայն տվեցինք, որ չիջնի՞, հիմա տեղը տա՞ք է. քաղաքացին՝ Փաշինյանին (Տեսանյութ)

Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հակառակ աջակցության խոստումների՝ կառավարությունից ոչ ոք մինչ օրս չի հետաքրքրվել իրենց խնդրով, ոչինչ չի արել, որպեսզի իրենք կարողանան մեկնել ՌԴ:

«Այսօր հավաքել ենք այստեղ, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպենք, խոսենք, այս հարցը լուծենք: Ժողովուրդը մինչև հիմա արևի տակ վառվում է: Մենք ուզում ենք, որ մեզ մարդու տեղ դնեն: Վրացական կողմը մեզ պետք է մարդու, ոչ թե անասունի տեղ դնի, որ մեզ գցեն ավտոբուսների մեջ, թողնեն: Տրանզիտի հարցը պետք է լուծվի:
«Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, աշխատանքս, ընտանիքս այնտեղ է: Ռուսական կողմը չի էլ ուզում մեզ հետ խոսել, ես դիմել եմ ու պատասխան եմ ստացել, թե ինչի եք գնացել Հայաստան: Կառավարությունում ո՞վ կա, որ իջնի ու բան ասի մեզ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներից մեկը:
Նշենք, որ նրանք բողոքում են փակ սահմանների դեմ։ Նրանցից մի քանիսն անցած շաբաթ  հրավիրվել էին Կառավարության անդամների հետ քննարկման, սակայն մինչև այսօր չեն ստացել իրենց խնդրի լուծումը:
Ակցիա իրականացնողներից մեկը նշեց, որ հանդիպել են արտգործնախարարի հետ, որն էլ ասել է, թե հարցի լուծումն այն է, որ պետք է նրանց ընտանիքներին ևս Հայաստան բերեն: «Իմաստը որն է, երբ դեպի ներս մարդկանց ընդունում են, իսկ դեպի դուրս չեն թողնում»:

«Ճիշտն ասած, այնքան եմ հիասթափվել մեր կառավարությունից… Մեզ ոչ մեկ մարդու տեղ չի դնում, սրտի ցավով տոմս եմ առել, ամսի 28-ին պիտի գնամ: Ով որ գնա, էլ հետ չի գալու: Բողոքի ակցիայի մասնակից տղամարդը շեշտեց՝ վարչապետն իրենց հետ ավելի վաղ ունեցած հանդիպումից հետո խոստացել է, որ կօգնի, սակայն խոստումն իրականություն չի դարձել:

«Մեզ շաշի տեղ են դնում, գլխներիս տակ փափուկ բարձ դնում: Եթե մարդկանց այսպես արհամարհեն, մարդիկ կգնան ու էլ հետ չեն գա: Սխալ բաներ են անում, եթե կառավարությունն իր օրենքները չի հարգում, ժողովուրդը ո՞նց հարգի: Այն կառավարությունը, որը սեփական ժողովրդին չի լսում, երկար կյանք չի կարող ունենալ: Այսպես չի կարելի, մարդկանց պետք է հարգել», - ասաց ցուցարարը:
ՌԴ մեկնել ցանկացողներից մեկն էլ ասաց, որ Հայաստանի դիմաց բոլորը դռները փակել են, որովհետև, օրինակ՝ Բելառուսի դեպքում նույն խնդիրը չառաջացավ: «Փաշինյանը, որ ընտրվում էր, այստեղ կանգնած ծափ էի տալիս, իսկ հիմա չի իջնում իր տեղից, կարմիր գիծ է գծել Հայաստանի վրա»:

 

 

Արմինե Գևորգյան