Բավ է պառակտվել
28-08-2019 16:07

Կարելի է արդյո՞ք Հայաստանում խմել ծորակի ջուրը

Բրիտանական Globehunters զբոսաշրջային ընկերությունը, հիմնվելով Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալների վրա, կազմել է այն երկրների ցանկը, որտեղ ծորակի ջուրն օտարերկրյա զբոսաշրջիկների համար համարվում է անապահով կամ տհաճ՝ համի առումով: Հայաստանը, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի և Վրաստանի հետ միասին, ընդգրկվել է այն երկրների ցանկում, որտեղ ծորակի ջուրը վտանգավոր է, կամ տհաճ համ ունի: Միևնույն ժամանակ, ուսումնասիրության հեղինակները շեշտել են, որ այս երկրներում ջուրը պիտանի չէ խմելու համար, բայց դա չի նշանակում, որ այն կեղտոտ է:

Ինչպիսի՞ն է ջրի որակը Հայաստանում և որքանով է այն իրականում պիտանի խմելու համար

Հայաստանում ջուրը համապատասխանում է ԱՀԿ և ԵՄ չափանիշներին։

“Հայաստանի բնակչությանը մատակարարվող ջրի որակը, հատկապես՝ բակտերիոլոգիական չափանիշներով, համապատասխանում է, մասնավորապես, Առողջության համաշխարհային կազմակերպության և եվրոպական երկրների միջազգային չափանիշներին”,- ասել է առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն: Ըստ նրա, առողջապահության նախարարությունը ջրի որակի մշտական դիտարկումներ է անցկացնում բոլոր բնակավայրերում։

“Մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում, հատկապես քաղաքներում և զբոսաշրջային կենտրոններում, խմելու ջուրն անվտանգ է: Կարիք չկա, որ զբոսաշրջիկները խմեն միայն շշալցված ջուր”,-շեշտել է նա։

Բակունցը զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել շշալցված ջուրը վերցնել միայն բնության գիրկ արշավներ գնալիս կամ այն վայրերում, որտեղ չկա ջրամատակարարման կենտրոնացված համակարգ կամ բացակայում է ջրի հուսալի աղբյուր:

“Այս դեպքերում, ինչպես և աշխարհի բոլոր երկրներում, խորհուրդ է տրվում իրենց հետ ունենալ գործարաններում շշալցված ջուր։ Մնացած վայրերում ինչպես զբոսաշրջիկներն, այնպես էլ Հայաստանի ամբողջ բնակչությունը կարող է հանգիստ օգտագործել ջրամատակարարման կենտրոնացված համակարգի ջուրն”,-ասել է նա։

Միևնույն ժամանակ, առողջապահության նախարարությունում նշել են, որ Globehunters զբոսաշրջային ընկերությունը կոռեկտ չի մեջբերել Հիվանդությունների վերահսկման կենտրոնի հրապարակած տվյալները, որն ընդամենը խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին զերծ մնալ Հայաստանում ծորակի ջուրը խմելուց այն պատճառով, որ ջրի կազմը կարող է անսովոր լինել նրանց համար։

Հայաստանի ջրի անվտանգությունը հաստատվել է

Ինչպես իր հերթին հայտնել է “Վեոլա ջուր” ընկերության մամլո քարտուղար Մուրադ Սարգսյանը, երևանյան ծորակներից հոսող ջուրը միանգամայն անվտանգ է ոչ միայն տեղացիների, այլև ՝ արտասահմանցիների համար և գտնվում է թե ընկերության, և թե հանրապետության առողջապահության նախարարության մշտական հսկողության տակ։

“Մենք պարտավոր ենք պարբերաբար իրականացնել ջրի որակի մոնիթորինգ, և կարող ենք վստահորեն ասել, որ այն լիովին անվտանգ է, բացառապես մաքուր և չի պարունակում նստվածքներ։ Ջրի անվտանգության մասին է վկայում այն փաստը, որ Երևանում գոյություն ունի ավելի քան 2 հազար ցայտաղբյուր, որոնցից օգտվում են և՛ տեղի բնակիչները և՛ քաղաքի հյուրերն”,-ասել է նա։

Ըստ նրա, Երևանում ջուրը լիովին համապատասխանում է առողջապահության նախարարության և օրենսդրության չափանիշներին։

“Ավելին, հարկ է ընդգծել, որ խմելու ջրի 95 տոկոսն աղբյուրի է”,-հավելել է նա, նշելով, որ հայտնի չեն այն չափանիշները, որոնցով ուղղորդվել է բրիտանական գործակալությունը հայկական ջրի որակը գնահատելիս։

Ջրի որակի միջազգային վիճակագրություն

Համաձայն Daily Mail-ում հրապարակված միջազգային փորձագետների ուսումնասիրությունների, ծորակի ջուրը կարելի է օգտագործել Եվրոպայի գրեթե բոլոր շրջաններում։

Globehunters-ի ցուցակում ընդգրկված է 30 պետություն։ Ջուրը մաքուր է համարվում Իսլանդիայում և Մալթայում։ Կենտրոնական Եվրոպայի երկրներից ծորակի ջուրն օգտագործման տեսանկյունից անվտանգ է Ավստրիայում, Գերմանիայում, Չեխիայում, Սլովենիայում և Շվեյցարիայում։ Արևմտյան եվրոպայում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Լիխտենշտեյնում և Իռլանդիայում։ Եվրոպայի հարավում ծորակի ջուրը համարվում է որակյալ Անդորայում, Վատիկանում, Ջիբրալթարում, Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, Մակեդոնիայում, Մոնակոյում, Պորտուգալիայում, Սան-Մարինոյում և Մալթայում։ Բացի այդ, ծորակի ջրի պիտանելիության առումով ցուցակում ներառվել են հյուսիսային Եվրոպայի երկրները․Դանիան, Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան և Լատվիան: Մերձավոր Արևելքի երկրներից ծորակի ջուրը կարելի է խմել միայն Իսրայելում և Սաուդյան Արաբիայում։

Water.org, շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որն օգնում է ջրով ապահովել աղքատ տարածաշրջանների բնակչությանը, ամեն տարի հրապարակում է տեղեկություններ մաքուր ջրի կարիք ունեցող երկրների մասին։ Այսպես, խմելու ջրի վտանգավոր որակ ունեցող երկրների առաջին եռյակում են Աֆղանստանը, Եթովպիան և Չադը։ Աֆղանստանում մաքուր խմելու ջուրը հասանելի բնակչության միայն 13%-ին: Եթովպիայում քաղաքացիների միայն 42% -ը հնարավորություն ունի ամեն օր ջուր խմել: Ջրային ռեսուրսների պակաս կա նաև Չադի Հանրապետությունում։ Ջրի վատ մատակարարման պատճառով Գանայի բնակչությունը հաճախ տառապում է փորլուծությունով և դրակունուլեզով (ջրի միջոցով օրգանիզմ ներթափանցող մակաբույծների կողմից հարուցված հիվանդություն): Վատ է նաև մաքուր խմելու ջրի վիճակը Ռուանդայում և Բանգլադեշում։ Խորհուրդ չի տրվում ծորակի ջուրն օգտագործել Կամբոջայում, Լաոսում և Հաիթիում։