Բավ է պառակտվել
08-07-2019 11:33

Աղբ և մետաղի ջարդոն․բողոքի ակցիա Երևանում

Երկուշաբթին Երևանում սկսվել է բողոքի երկու ակցիայով, որոնք անցել են մայրաքաղաքի քաղաքապետարանի և Հայաստանի պետեկամուտների կոմիտեի դիմաց։

Առավոտյան քաղաքի բնակիչները հավաքել են աղբով տոպրակները և տարել քաղաքապետարանի շենքի մոտ։ Բանն այն է, որ աղբահանության խնդիրը մայրաքաղաքում վեր է ածվում գլոբալ աղետի, քանի որ շատ համայնքներում աղբն օրերով չի հավաքվում՝ հանգեցնելով հակասանիտարական պայմանների։ Բացի մայրաքաղաքում շոգ եղանակի ֆոնին ժանտախտի տարածման սպառնալիքից, քաղաքի փողոցներում ճեմում են առնետները, որոնք սնվում են աղբաններից։

Ակցիայի մասնակիցները հիշեցրել են Հայկ Մարությանին, որ մայրաքաղաքի փողոցներից աղբահանությունը նրա նախընտրական խոստումներից էր, որոնք, ըստ նրանց՝ քաղաքապետը մոռացել է 10 ամիս առաջ պաշտոնին անցնելուց հետո։

Ինչպես նշել է ակտիվիստ Սոնա Աղեկյանը, իրենք ամեն օր քաղաքի հասցեներից մեկում, որտեղից աղբահանության հետ կապված ահազանգ են ստանում, կհավաքեն աղբը և կբերեն տոպրակները Երևանի քաղաքապետարանի մոտ։

“Մենք նման քայլեր ենք ձեռնարկելու այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չհասկանան, որ Երևանը քաղաք է, որը պետք է սիրել, և իրենք պարտավոր են հավաքել աղբը քաղաքի փողոցներից”,- ասել է Աղեկյանը։

Նա նշել է, որ Շենգավիթ համայնքի Արշակունյաց փողոցում աղբն արդեն 21 օր չի հավաքվել, ինչը ժանտախտի տարածման սպառնալիք է, իսկ մարմինները, որոնք պարտավոր են վերահսկել իրավիճակն ու կանխարգելել վարակիչ հիվանդությունների տարածումն, անգործության են մատնված։

“Երևանի քաղաքապետարանը միջոցներ է ստանում աղբահանության համար, սակայն կոնկրետ քայլեր չի ձեռնարկում այդ ուղղությամբ՝ բացի Սանիթեք ընկերությանը տուգանքներ ներկայացնելուց”,- ասել է Աղեկյանը։

Այն բանից հետո, երբ քաղաքացիներին արգելվեց մուտք գործել քաղաքապետարան, նրանք աղբը տոպրակներից դատարկեցին անմիջապես քաղաքապետարանի դռների մոտ, իսկ տոմատի մածուկով ապակեպատ դռներին գրեցին “Հեռացրեք աղբը”, խոստանալով ամեն օր աղբով լի տոպրակներ բերել քաղաքապետարանի շենքի մոտ։

Ակցիայի մասնակիցների մոտ դուրս եկած կոմունալ տնտեսության վարչության պետ Արաարտ Խաչատրյանը սկզբում փորձեց բացատրել, որ քաղաքպետարանը ժառանգություն է ստացել խարխլված համակարգ, և արդեն աղբատար մեքենաներ է գնում, սակայն քաղաքացիները հայտարարեցին, որ պատրաստ չեն 30 տարի սպասել աղբահանությանը։ Սրանից հետո Խաչիկյանը շտապեց հեռանալ ակցիայի մասնակիցների “ամոթ” վանկարկության ներքո։

Քաղաքապետարանի շենքին մոտեցած ոստիկանության աշխատակիցները մի քանի ակտիվիստի նստեցրեցին մեքենաները և տարան ակցիայի անցկացման վայրից՝ ոստիկանությանը չենթարկվելու և պետական գույքը փչացնելու համար։

Պերֆորմանսի սխալ հասցեատեր, զինվեք համբերությամբ
Ի պատասխան բողոքի ակցիայի, Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ակտիվիստներն իրենց պերֆորմանսի համար սխալ շենք են ընտրել, քանի որ աղբահանությամբ զբաղվում է “Սանիթեք” ընկերությունը։

Նա նշել է, որ քաղաքապետարանի ստեղծած աղբահանության նոր օպերատորը կաշխատի միայն այն դեպքում, եթե “Սանիթեքը” չկարողանա կատարել իր պարտականությունները։

“Հիմնարկը հիմա համալրվում է անհրաժեշտ մարդկային և տեխնիկական ռեսուրսով։ Մոտ օրերս Երևան կհասնի նոր աղբարկղերի խոշոր խմբաքանակ, իսկ մի քանի շաբաթից կժամանի աղբատար մեքենաների մի մասը, որը զգալիորեն կթեթևացնի աղբահանության հարցը։ Արդեն գնվել է 24 մեքենա, ևս 10-ի գնումը ընթացքի մեջ է։ Առկա անբավարար վիճակը ստեղծվել է տարիների ընթացքում և պատճառները բազմապիսի են։ Այնուհանդերձ, ևս մեկ անգամ հայցում ենք համաքաղաքացիների ներողամտությունը ստեղծված անհարմարության համար և խնդրում ենք զինվել համբերությամբ։ Աղբի խնդրի լուծումը շատ մոտ է”,- գրել է Կարապետյանը։

Մետաղի ջարդոնի արտահանման արգելք

Աղբահանության հետ կապված բողոքի ակցիային զուգահեռ մետաղի ջարդոնով բեռնված երկու բեռնատար փակել էին պետեկամուտների կոմիտեի շենքի մուտքը։ Ակտիվիստներն այսպիսով իրենց բողոքն էին արտահայտում Հայաստանից մետաղի ջարդոնի արտահանման համար սահմանված պետական տուրքի դեմ։

Օրինագծի համաձայն, որը քննարկվում է խորհրդարանականների կողմից, առաջարկվում է մեկ տոննա մետաղի ջարդոնի արտահանման համար սահմանել 80 հազար դրամ պետական տուրք: Ընկերությունների ներկայացուցիչներն արդեն իսկ բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց, պնդելով, որ տուրքի հաստատումը կհանգեցնի իրենց սնանկացմանը, մանավանդ, որ օրենքը դեռևս չի ընդունվել, բայց արտահանումն արդեն արգելված է:

ՊԵԿ-ում նշել են, որ արտահանման խնդիրները կապված չեն օրինագծի հետ, այլ պայմանավորված են ստուգումների սովորական ընթացակարգերով։