Բավ է պառակտվել
20-02-2023 18:21

Երևանում մետամֆետամինի մեծ խմբաքանակով տղամարդ է ձերբակալվել

Հայաստանի ՔԿ-ից հայտնում են, որ փետրվարի 17-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են տարօրինակ վարքագծով մի քաղաքացու, ով իրավապահներին հայտնել է, որ իր մոտ ունի օգտագործված կաթոցիչ, իսկ պայուսակում՝ թմրամիջոց, որից 0.5 գրամ քաշով «կրիստալ» տեսակի թմրամիջոցը, որը ձեռք է բերել «Telegram» հավելվածի միջոցով, պատկանում է իրեն:

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է 23.66 գրամ ընդհանուր քաշով բյուրեղանման զանգվածների պարունակությամբ 28 փաթեթ, ինչպես նաև՝ կապույտ գույնի պլաստմասե բաղկացուցիչով, մոխրացված պատերով և յուրահատուկ հոտով կաթոցիչ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննությամբ պարզվել է, որ փաթեթներից 7-ից հանված ընդհանուր 2.64 գրամ քաշով փոշեբյուրեղային զանգվածները հանդիսանում են «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ մնացած մասի ամբողջական հետազոտության արդյունքերը կտրվեն նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացության շրջանակներում:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, ապօրինի շրջանառության հնարավորությունը բացահայտելու ուղղությամբ:
Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: