Հայաստանում 37-ամյա տղամարդը առևանգել է նախկին ընկերուհուն, իսկ դատական քննության ժամանակ դիմել է փախուստի դատարանի դահլիճից: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի մամլո ծառայությունից:
Հայտարարությունում նշվում է, որ օգոստոսի 13-ին, ժամը 10:30-ի սահմաններում, Դիլիջանի 37-ամյա բնակիչն իր նախկին ընկերուհուն՝ Հրազդան քաղաքի 43-ամյա բնակչուհուն առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով գնացել է նախկին ընկերուհու աշխատավայր: Տղամարդը պահանջել է, որ կինը շարունակի շփվել իր հետ որպես ընկերուհի, բայց վերջինս հրաժարվել է:
Տղամարդը նախ վիճաբանել է կնոջ հետ, այնուհետև վերջինիս առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով քարշ տալով նստեցրել է նրան ավտոմեքենան։ Տղամարդու պահանջով ավտոմեքենայի վարորդը վարել է մեքենան դեպի Սևանա լճի ափ, սակայն ժամը 20:00–ի սահմաններում թեթև վնասվածքներ ստացած կնոջը հաջողվել է համոզել նախկին ընկերոջը և վերադառնալ տուն։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 37-ամյա քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մարդուն առևանգելու համար հոդվածով միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամաբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Օգոստոսի 20-ին Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ձերբակալության միջնորդությունը, սակայն մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանումը, կալանավորը, կարգադրիչի և պաշտպանի ներկայությամբ, դատարանի դահլիճի բաց պատուհանից ցած նետվելու միջոցով դիմել է փախուստի:
Նույն օրը մեղադրյալն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից տեղափոխվել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: