Բավ է պառակտվել
05-03-2020 22:56

Երևանում տղամարդն ավտոմեքենայից կրակահերթ է արձակել մի խումբ մարդկանց ուղղությամբ, կան տուժածներ

Իրավապահ մարմինները հետաքննում են մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած կրակոցների դեպքը:

Ինչպես տեղեկացրել է Հայաստանի քննչական կոմիտեի մամլո ծառայությումը՝ մարտի 4-ին, ժամը 18: 25-ին, այնուհետև ժամը 18: 30-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության երկու մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքներով երկու երևանցի։

Նույն օրը փաստերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ երկու կամ ավելի անձանց սպանության փորձ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաև ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հոդվածներով։

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մարտի 4-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փողոցում գործող ավտոմեքենաների վերանորոգման արհեստանոցի դիմացով ընթացող «Տոյոտա Քեմրի» մակնիշի սև գույնի ավտոմեքենայի ետնամասում գտնվող ուղևորը իջեցրել է պատուհանը և իր մոտ գտնվող հրազենից մոտ տարածությունից կրակահերթ է արձակել արհեստանոցում և դրա մուտքի մոտ հավաքված մի խումբ անձանց ուղղությամբ։ Արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել 2 անձ:

Կատարվում են քննչական գործողություններ` դեպքի մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: