Բավ է պառակտվել
29-12-2022 17:45

Հայաստանին տաք օդային հոսանքներ են մոտենում Աֆրիկայից

Առաջիկա օրերին Հայաստանի տարածք կներթափանցեն տաք օդային հոսանքներ Աֆրիկայից, ինչի պատճառով հունվարի սկզբին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում։ Այս կանխատեսմամբ հինգշաբթի մամուլի ասուլիսում կիսվեց Հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

«Հունվարի 1-ին Աֆրիկայի հյուսիսային շրջաններից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք հոսանքներ։ Դրան չի արձագանքի միայն Արարատյան դաշտն ու Երևանը, քանի որ այստեղ կա արդեն սառը օդի լճացում, որն արգելափակելու է տաք հոսանքների ներթափանցումը։ Առաջիկա 5 օրերին գիշերը սպասվում է 3-ից 6 աստիճան ցուրտ, ցերեկը՝ մոտ 6 աստիճան տաքություն։ Բայց հանրապետության մյուս շրջաններում հունվարի 1-3-ն ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը այս օրերի համեմատ մոտ 5-6 աստիճանով կբարձրանա», - ասաց նա։

Սուրենյանը հավելեց, որ լեռնային բոլոր մարզերում ցերեկային ժամերին կգրանցվի դրական ջերմաստիճան՝ +5-6 աստիճան, նախալեռնային շրջաններում մինչև + 10, իսկ Սյունիքի և Տավուշի հովտային գոտիներում՝ մինչև +16 -17 աստիճան տաքություն, որը կլիմայական նորմայից բարձր է 8-10 աստիճանով։

Ընդհանուր առմամբ, ըստ նրա կանխատեսումների, հունվարին օդի միջին ամսական ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով,տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս։