Բավ է պառակտվել
23-03-2021 10:52

Հայաստանին կրկին հզոր ցիկլոն է մոտենում․ գլխավոր օդերևութաբան

Մոտ օրերին ջերմության բարձրացում չի սպասվում, երեքշաբթի երեկոյան ժամերից սկսած Հայաստանը կհայտնվի հզոր ցիկլոնի ազդեցության տակ, որը կտևի մինչև մարտի 25-ը ներառյալ։ Այս մասին լրագրողներին հայտնեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։

Մարտի 23-ի երեկոյան հանրապետության ողջ տարածքում կվերսկսվեն տեղումները։ Բարձր լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան, նախալեռներում և հովտային գոտիներում` անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում (Արագածոտն, Կոտայք) վաղը տեղումները կլինեն բավականին ինտենսիվ, կուղեկցվեն ամպրոպներով, կլինի քամու ուժգնացում` 20-25 մ/վ արագությամբ։ Նա այս տարի օդի ջերմաստիճանի կտրուկ անկումը բացատրեց նրանով, որ Արկտիկական օդային հոսանքները Ռուսաստանի եվրոպական մասով Հայաստան են հասնում գրեթե անփոփոխ:

«Այս տարի Ռուսաստանի եվրոպական մասում շատ դաժան ձմեռ էր, և այս սառը օդային հոսանքները ներթափանցում էին նաև Հայաստան։ Այդ պատճառով մենք արձանագրում էինք ջերմաստիճանի կտրուկ անկում, ձյուն, բուք և քամու ուժգնացում», - ասաց Սուրենյանը:

Մարտի 26-ին ցիկլոնի ազդեցությունը մի փոքր կթուլանա, և տեղումները որոշ ժամանակ կդադարեն: Բայց մարտի 27-ին Սև ծովից ցուրտ ցիկլոնի ներթափանցում կլինի, որի հետևանքով տեղումները հանրապետության ողջ տարածքում կվերսկսվեն։ Սպասվում է ջերմաստիճանի անկում 7-10 աստիճանով։
Մինչև մարտի 27-ը ներառյալ եղանակի պարզեցում չի սպասվում: Կարճաժամկետ արևը բնակիչներին կուրախացնի միայն մարտի 28-ից, բայց պարզեցումը կուղեկցվի գիշերային ջերմաստիճանի կտրուկ անկմամբ:

Ինչ վերաբերում է ապրիլ ամսվա կանխատեսումներին, ապա սպասվում են հորդառատ անձրևներ (նորմայից մի փոքր բարձր), իսկ ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի ընդամենը մեկ աստիճանով:

Ընդհանրապես ձմռան մասին խոսելով՝ Հայհիդրոմետկենտրոնի օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետը նշեց, որ հունվարը եղել է նորմայի սահմաններում, իսկ փետրվարն՝ անսպասելիորեն տաք:

Նա հավելեց, որ այս տարի եղանակը բարենպաստ է եղել գյուղատնտեսության համար, և ջերմաստիճանի նվազումը մեծ ազդեցություն չի ունենա։