Բավ է պառակտվել
31-05-2019 19:42

Ինչ պայմանով են արագածավանցիները բացել Երևան-Գյումրի ճանապարհն ու երկաթգիծը

Երկու օր Երևան-Գյումրի միջպետական ճանապարհն ու երկաթգիծը փակ պահած արագածավանցիները երեկ երեկոյան բացել են ճանապարհը՝ ջրային պետական կոմիտեի նախագահի հետ հանդիպումից հետո: Ավելի քան 150-ից ավելի հողօգտագործողներ փակել են Գյումրի տանող միջպետական ճանապարհը՝ պահանջելով վերանայել ոռոգման ջրի սակագինը: Գյուղացիներն ասում են, որ մեկ հեկտարը ջրելու համար շուրջ 70 հազար դրամ են վճարում, իսկ գյուղատնտեսությունը ռիսկային ոլորտ է, չգիտես՝ արված ծախսերը կփոխհատուցե՞ս, թե՞ ոչ: Նշում են, որ ՋՕՄ-ը որոշել է ոռոգման ջրի դիմաց գանձվող գումարը հաշվարկել՝ ըստ լիտրի։ Գյուղացիները համոզված են, որ այս հաշվարկով ավելի շատ են վճարելու, քան հիմա են վճարում:
Ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը որոշ տեղեկություններ հայտնեց այդ հանդիպումից: Նշեց, որ բնակիչների անհանգստությունը անտեղի է, քանի որ ոռոգման ջրի սակագինն ավելի քան տասը տարի անփոփոխ է, ամբողջ հանրապետությունում 1 խորանարդ մետրի համար վճարում են 11 դրամ:
<<Որոշվեց ստեղծել անկախ վերահսկող խմբեր, որոնք պետք է ՋՕՄ անդամների հետ չափեն թե ինչքան ջուր են օգտագործում, քանի որ գյուղացիները կասկածներ ունեն, որ իրենց վրա շատ ջուր են գրում: Հետևաբար այդ կասկածները փարատելու համար նման խումբ է ստեղծվել»,֊ասաց Հարություն Գուլյանը:
Գործնականում կիրառվող՝ հեկտարի դիմաց ջրի վճարի հաշվարկը կատարվում է՝ ըստ տվյալ տարածքի մշակաբույսերի նորմատիվային պահանջների, ելնելով մասնագիտական չափորոշիչներից: Օրինակ, պտղատու ծառերը, պտուղ-բանջարեղենը կամ առվույտը ջրի տարբեր պահանջներ ունեն: Իսկ Արագածավան համայնքի հողերի մի մասը գերնորմատիվային է, ինչը նշանակում է, որ այդ տարածքների ոռոգման ջրի պահանջարկը սովորականից ավելին է, հատկապես խոնավասեր կուլտուրաների մշակման պարագայում: Գյուղապետ Արայիկ Պապիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին զբաղված են ջրաչափեր տեղադրելով, որ գյուղացիները վճարեն այնքան գումար, որքան կծախսեն:
Նշենք, որ ոռոգման համակարգում կուտակված պարտքի մի զգալի մասն էլ ձևավորվել է գերնորմատիվային հողերի լրացուցիչ ոռոգման արդյունքում: Այդ համայքների 71 են: Ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը տեղեկացրեց, որ նման որոշում են կայացրել:
Գերնորմատիվային հողերի ոռոգման հարցը հիմնովին կարգավորելու նպատակով Ջրային կոմիտեն առաջարկությունների փաթեթ է կազմել վերադաս նախարարություն, այն որ գերնորմատիվային հողերի ոռոգման համար բնակիչը կվճարի այնքան գումար, որքան վճարում է տվյալ մշակաբույսը ոռոգելու համար նորմատիվային հողերի դեպքում, իսկ մնացած մասը կփոխհատուցի պետությունը:
Արագածավանի գյուղապետն ասում է,որ եթե նման որոշում կայացվի, ապա իրենք 1 հա ոռոգելու համար այժմյան 60 հազարի փոխարեն կվճարեն մոտ 15 հազար դրամ:

 

Արմինե Գևորգյան