Բավ է պառակտվել
03-01-2021 13:25

ԽՍՀՄ քարտեզի համաձայն Շուռնուխն ամբողջովին հայկական գյուղ էր․ Հակոբ Արշակյան

Ադրբեջանցիներին հանձնած Շուռնուխ համայնքի 12 տան բնակիչները պետք է լքեն իրենց տները մինչև հունվարի 5-ը: Այս մասին հայտնեց Շուռնուխ համայնքի գյուղապետ Հակոբ Արշակյանը:

«Մեզ ժամանակ են տվել մինչև հունվարի 5-ը իրենց հանձնված տարածքներն ազատելու համար, ասել են, որ հակառակ դեպքում՝ ամսի 5-ից հետո այդ տարածքով մարդ էլ անցնի, կենդանի էլ անցնի, իրենցն է»,- ասաց Հակոբ Արշակյանը:

Գյուղապետը հավելեց, որ ինքը ռուս գեներալներին ու խաղաղապահներին ցույց է տվել ԽՍՀՄ քարտեզը, ըստ որի Շուռնուխն ամբողջովին հայկական գյուղ էր:

«Մեզ ասացին, որ իրենցից ոչինչ կախված չէ: Ամեն ինչ արդեն որոշված է: Հիմա մենք արխիվից փորձում ենք փաստաթղթեր գտնել, որպեսզի կարողանանք վերադարձնել մեր հողերը», - ասաց Հակոբ Արշակյանը:

Նշենք, որ երեկ գյուղապետը հայտնել էր, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների հետ միասին մտել են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ: Ըստ ադրբեջանցիների սահմանազատման՝ Շուռնուխում գտնվող 12 տուն անցնում է Ադրբեջանին: