Բավ է պառակտվել
05-04-2021 17:26

Երևանի բազմաբնակարան շենքերի տանիքներին կտեղադրվեն արևային ֆոտովոլտային կայաններ

Երևանը կօգտագործի արևի էներգիան: Քաղաքապետարանը սկսել է «Եվրոպական Միությունը՝ Երևանի համար. արևային համայնք» ծրագիրը, տեղեկացնում է Երևանի քաղաքպետարանը։

Ծրագրի շրջանակներում բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ։ Նախապես որոշված 90 շենքի փոխարեն ծրագրում ընդգրկվել է 100-ը: Այժմ ընթանում է մոնտաժման գործընթացը:

Ինչպես նշել է Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության բաժնի պետ Նարինե Աբելյանը, դրամաշնորհային ծրագրի արժեքը 1 մլն 250 հազար եվրո է, որից 250 հազարը՝ քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ:
«Շենքերի ընտրության գործում առաջնորդվել ենք սահմանված չափորոշիչներով, մասնավորապես 9-14 հարկանի, հարթ և արևկող տանիք ունեցող շենքերն են ընդգրկվել: Հաշվի է առնվել նաև սոցիալական բաղադրիչը»,-ասել է նա։

Ծրագրի նպատակն է կրճատել ընդհանուր օգտագործման տարածքների էլեկտրաէներգիայի սպառումը:
«Ծրագրի շնորհիվ ֆինանսական առումով կունենանք մինչև 50 տոկոս խնայողություն: Եթե այժմ բնակիչները վերելակի հոսանքի ծախսի համար վճարում են պայմանական 100 միավոր, հիմա՝ 50: Բայց այդ գումարում ներառված է նաև ներշենքային և արտաքին լուսավորությունը»,-նշում է ««Քաղաքապետերի դաշնագիր» ցուցադրական նախագծեր» ծրագրի աջակցող խմբի ազգային փորձագետ Անդրե Օհանյանը:
«ԵՄ-ն Երևանի համար. արևային համայնք» ծրագրի արևային կայանների մասով խորհրդատու Վահան Մադոյանը նշել է, որ տեղադրվում են հայկական արտադրության պանելներ՝ 360 Վտ հզորության:


Արտադրված արևային էներգիայի շնորհիվ կլուսավորվեն շենքերի բոլոր մուտքերը, նաև աստիճանահարթակները։
«Տեղադրվել են նոր սերնդի լեդ լուսարձակներ, որոնք ունեն լուսային, ձայնային և շարժման տվիչներ: Սա նշանակում է, որ անգամ մուտքի դուռը բացող բնակչի ձայնը բավական է, որ լուսարձակը միանա»,- ասում է լուսավորության մասնագետ, ինժեներ Արթուր Հովհաննիսյանը:
Ծրագիրը փորձնական է և բնակիչների համար անվճար։ Տեղադրելուց հետո արևային կայանները դառնալու են բնակիչների սեփականությունը և կծառայեն 15-20 տարի:
«Ծրագիրն ունի նաև հետաքրքիր սոցիալական բաղադրիչ: Անապահով ընտանիքներին կտրամադրվեն էներգախնայող լուսատուներ՝ տան էներգասպառումը նվազեցնելու ու ընտանեկան բյուջեն խնայելու համար»<- նշվում է հաղորդագրությունում: