Բավ է պառակտվել
25-02-2020 16:10

Մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դատական առաջին նիստը

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի գլխավորությամբ մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների դատական գործով առաջին նիստը։ Դատարան էր ժամանել Սերժ Սարգսյանը, որ կանգ առավ դատարանի առջև և կոչով դիմեց հավաքվածներին՝ կոչ անելով գնալ տուն:
«Սիրելի ընկերներ, սիրելի աջակիցներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու, իսկ մեծ հաշվով եկել եք պաշտպանելու արդարադատությունը»,- ասաց Սարգսյանը՝ խնդրելով ցուցարարներին՝ իր երախագիտությունը հայտնել իրենց մերձավորներին, հարազատներին, որոնք չեն փորձել նրանք համոզել այս անբարենպաստ եղանակին մնալ տանը. «Ինչպես ասում են՝ շառ ու փորձանքից հեռու»,- հավելեց ամբաստանյալ Սարգսյանը
Սարգսյանը ասաց, որ իր համար առաջնայինը Արցախի անվտանգությունն է, և դա իր կյանքի իմաստն է: Նա նաև խոսեց իր դեմ հարուցված գործի վերաբերյալ՝ ասելով, որ այն շինծու է։ 
« Հույս կա, որ Հայաստանում դեռեւս կան դատավորներ, որոնց համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար ԼՂ անկախությունը վեր է ամեն ինչից, խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին»,–ասաց Սերժ Սարգսյանը: 
Այնուհետև ՀՀ 3-րդ նախագահը նշեց,որ աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել է ու հիմա էլ կրկնում է ,որ ԼՂ-ն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչեւ վերջ, եւ ամենուր»,- ասաց նա՝ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով իր աջակիցներին:

 

 

Արմինե Գևորգյան