Բավ է պառակտվել
26-12-2022 13:50

Հարկայինը 12 հազար դոլար տուգանք է սահմանել ՀԴՄ կտրոններ չտրամադրելու համար: Տուգանվածների թվում կան հայտնի արտիստներ

Հայաստանի պետական ​​եկամուտների կոմիտեն լայնածավալ օպերացիա է հայտարարել հարսանեկան խնջույքի մասնակիցների և կազմակերպիչների նկատմամբ, որի ընթացքում բացահայտվել են ՀԴՄ կտրոնների չտրամադրման դեպքեր։ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի խախտման պատճառով նշանակված տուգանքների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 4,72 մլն դրամ (գրեթե 12 հազ․ դոլար)։

Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հարսանեկան մտածացին տոնակատարության համար պատվիրվել են մի շարք ծառայություններ, կանխիկ մեծ գումարների դիմաց կատարվել են կանխավճարներ, սակայն առանց ՀԴՄ կտրոնի։ Սա «Անկանխիկ գործարքների մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտում է, որը սահմանափակում է կանխիկ գործարքների չափը (300 հազար դրամից ոչ ավելի՝խմբ.):

Այսպիսով` ավտովարձույթի ծառայություններ մատուցող «Միլենիում սվիթ» ընկերությունից պատվիրվել են չորս ավտոմեքենա` ընդհանուր 860 000 դրամ արժեքով, որի համար կանխիկ վճարվել է 500 000 դրամ կանխավճար, սակայն գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 1 մլն․ դրամ:

«Մոնամի» ծաղկի սրահից պատվիրել են 3 500 000 դրամ ընդհանուր արժողությամբ հարսանեկան ձևավորում, որի համար առձեռն վճարվել է 1 000 000 դրամ կանխավճար։ Գանձումից հետո կրկին չի տրամադրվել ՀԴՄ կտրոն։ Ընկերությունը տուգանվել է 990 հազար դրամով:
«Հարսանեկան տորթը» պատվիրելու համար «Ագնես քեյկս» ֆիրմային անվամբ անհատ ձեռնարկատեր Ագնեսա Ավագյանի հրուշակեղենի խանութից պատվիրվել է 1 100 000 դրամ ընդհանուր արժողությամբ հարսանեկան տորթ, որի համար առձեռն վճարել են 500 000 դրամ կանխավճար, ՀԴՄ կտրոնը կրկին չի տրամադրվել։ Տուգանքի չափը կազմել է 825 հազար դրամ:
«Go travel» («ՄԻԼԱՄԱՔՍ» ՍՊԸ) ֆիրմային անվամբ տուրիստական ընկերությունից էլ կոմիտեի աշխատակիցները պատվիրել են հարսանեկան ճամփորդություն դեպի Մալդիվյան կղզիներ` մոտ 2,5 մլն դրամ ընդհանուր արժողությամբ։ Նախնական առձեռն վճարել են 500 000 դրամ։ Արձանագրված տուգանքի չափը կազմել է 700 735 դրամ:

ALLURE ՍՊԸ (ֆիրմային անունը՝ Grace Bridals) հարսանյաց հագուստի սրահում ՊԵԿ–ը պատվիրել է 500 000 դրամ ընդհանուր արժողությամբ հարսանեկան զգեստ, որի համար վճարել է 100 000 դրամ կանխավճար։ Այս դեպքում էլ կտրոն չեն տրամադրել։ Արձանագրված տուգանքի չափը կազմել է 206 150 ՀՀ դրամ:

Հարսանյաց հանդիսավարների զույգին, որոնք հաշվառված են որպես անհատ ձեռնարկատեր Տարոն Իսպիրյան (որը հայտնի է Պոնչ մականունով,– խմբ. ) և անհատ ձեռնարկատեր Թամարա Պետրոսյան, առաջարկել են վարել հարսանեկան հանդիսությունը, որի դիմաց պահանջված գումարը կազմել է 2 000 000 դրամ։ 500 հազար դրամի կանխավճար կատարելիս դրամարկղային կտրոն չի տրամադրվել։ Զույգը տուգանվել է 1 մլն․ դրամով: